Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա երիտասարդի դի. տեղի ունեցածը վրաերթ է, թե այլ բան՝ պարզվում է. քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ  իրենց մոտ է տեղափոխվել մահացած քաղաքացի: 
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի առաջին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: 
Ոստիկանները պարզել են,  որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել է Եղավարդ քաղաքի Սաֆարյան փողոցից: 
Այս պահին նշված փողոցում, որը գտնվում է Սուրբ Սարգիս եկեղեցու և Եղվարդում հայտնի «Հուշարձանի»  հարևանությամբ, դեպքի վայրի տեղազննություն   է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային  քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Ռազմիկ Արսենյանը:
Ոստիկաններն ու  քննիչները պարզել են, որ  մահացածը Եղվարդ քաղաքի բնակիչ, 36-ամյա Սարգիս Սայանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ բախվել է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի բնակիչ, 38-ամյա Ասատրյանին պատկանող խոտհունձի կոմբայնին:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կոմբայնավարը փախուստի չի դիմել, մի քանի քաղաքացիների հետ օգնություն  է ցուցաբերել Ս. Սայանին և նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, սակայն,  գիտակցության չգալով՝ Ս. Սայանը մահացել է: 
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի  բաժին, որտեղից ժամանել է  օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարո Մանուկյանի գլխավորությամբ: 
Փաստի առթիվ քննիչ Ռ. Արսենյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: 
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական՝ պարզելու համար մահվան հանգամանքները, քանի որ  չի բացառվում, որ  հնարավոր է՝ Ս. Սայանը հանկարծամահ եղած լինի: 
Հավաքվածերը նշում էին,  որ կոմբայնավարը կոմբայինի մեջ չի եղել և այն ինքնաբերաբար է առաջ ընթացել՝ վնասելով նաև ցանկապատը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


