Չշարունակել «աբիժնիկական» հայտարարությունները, և խոսակցությունը տեղափոխել կառուցողական դաշտ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու ելույթում ես, ճիշտն ասած, ոչ առանձնապես սուր քննադատություն տեսա, ոչ արտառոց ձևակերպումներ, ոչ էլ, առավել ևս, Հայաստանի ինքնիշխանության հանդեպ նկրտումներ: Այսինչ հարցում լավ է, այնինչ հարցում վատ է, այստեղ առաջընթաց կա, այնտեղ չկա: Նման ելույթներ առաջներում նույնպես ունեցել են թե Սվիտալսկին, թե արևմտյան այլ դիվանագետներ:
Չեմ կարծում, որ նա դուրս է եկել իր դիվանագիտական գործառույթներից: Բայց, եթե նման բան կա, ապա մենք ունենք ԱԳՆ, որը պետք է խստորեն հետևի դեսպանների վարքագծին և սխալ թույլ տված դիվանագետին կանչի նախարարություն ու մատնանշի այդ սխալը: Եթե նման բան չկա, ապա «ներքին գործերին խառնվելու» մասին հայտարարություններին թույլ տվեք չհավատալ:
Վերցնենք այսպիսի մի դեպք: Ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի անդամ Արայիկ Գևորգյանը հայհոյանքներով և սպառնալիքներով հարձակվել է «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի վրա, իսկ ոստիկանությունը հրաժարվեց քրեական գործ հարուցել՝ հայտարարելով, որ այստեղ հանցակազմ չկա: Ենթադրենք, որևէ դիվանագետ ինչ-որ մի սեմինարի ժամանակ արձանագրում է այդ փաստը: Արդյո՞ք դա կհամարվի ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության հանդեպ: Կարծում եմ՝ ոչ: Դա պարզապես ազդանշան է՝ ուղղված ընտրական հանձնաժողովին և ոստիկանությանը: Կուզեն՝ ուշադրություն կդարձնեն, չեն ուզի՝ իրենց կպահեն «սուվերեն»՝ օրենքից և բարոյականությունից:
Քաղաքական գործիչները, պաշտոնյաները, ինձ թվում է, հակառակը՝ պետք է շարունակեն աշխատել, մասնավորապես, Եվրամիության հետ, դա, բացի օգուտից, ոչ մի այլ հետևանք չի բերի: Օրինակ՝ ընտրական տեղամասերում լուրջ խախտումների էական նվազումն այս օգուտներից մեկն է: Ի՞նչ պետք է անել նվազեցնելու համար վարչական ճնշումն ու ընտրակաշառքը՝ դա զուտ քաղաքական խնդիր է: Սվիտալսկին ճի՞շտ է վարվել, որ մատնանշել է այդ խնդիրը: Վստահ եմ, որ՝ այո, և այստեղ ոչ մի նեղվելու բան չկա:
Այնպես որ, կառաջարկեի իշխանության ներկայացուցիչներին չշարունակել «աբիժնիկական» հայտարարությունները և, ինչպես ասում են, խոսակցությունը տեղափոխել կառուցողական դաշտ: Ո՞րն է այդ դաշտը: Իհարկե, երկխոսությունը՝ ոչ այնքան դեսպանների, որքան սեփական հասարակության հետ:
Իսկ դեսպանները... Նրանք արտահայտում են իրենց երկրների, իրենց կառույցների արժեքային համակարգը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]