Մուխթարլըի գործով փաստաբանը դատի է տվել դատախազությանը, իրավապաշտպանները դիմել են վարչապետին
Աֆղան Մուխթարլըի վրացի փաստաբանները դատի են տվել Թբիլիսիի դատախազությանը: Այդ մասին ադրբեջանական «Թուրան» գործակալությանը հայտնել է նրա վրացի փաստաբան Արչիլ Չոպիկաշվիլին:
Բողոքի հիմքում այն է, որ Աֆղան Մուխթարլըին և նրա կնոջը չի տրվել «տուժողի» կարգավիճակ:
«Մենք դիմել ենք Վրաստանի քննչական մարմիններին և պահանջել Աֆղան Մուխթարլըին և Լեյլա Մուստաֆաևային տրամադրել «տուժողի» կարգավիճակ: Այդ պահանջը միանգամայն օրինական է», -ասել է փաստաբանը:
Միևնույն ժամանակ մի շարք լրագրողական և իրավապաշտպան միջազգային կազմակերպություններ Ադրբեջանցի լրագրողի գործով միասնական նամակ են ուղարկել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Այս մասին հայտնում է aliq.ge-ն:
«Վերոնշյալ ապշեցնող փաստի պատճառով ոչ միայն հնարավոր է կտտանքների ենթարկեն և ձերբակալեն լրագրողին, այլ նաև նախադեպ է ստեղծում, որի պատճառով Վրաստանում բնակվող Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր պատսպարվել էին Վրաստանում, իրենց անվտանգ այլևս չեն զգա: Վերջին շրջանում մի շարք անկախ լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպաններ և քաղաքացիական հասարակության այլ անդամներ լքել են Ադրբեջանը: Նրանցից շատերը ապաստան են գտել Վրաստանում՝ մտածելով, որ այստեղ ապահով է, ցավոք, այլևս նրանք անվտանգության զգացողություն չեն ունենա»,- նշված է նամակի մեջ:
Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ պետք է հստակ ուղերձ հնչի առ այն, որ հարևան երկրի ապօրինի գործողությունները Վրաստանի ներսում անհանդուրժելի են:
Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանությունների քննադատությամբ հայտնի լրագրող Աֆղան Մուխթարլըին առևանգել են Թբիլիսիում մայիսի 29-ին և գաղտնի տեղափոխել Ադրբեջան, որտեղ նրան մեղադրել են սահմանն ապօրինի հատելու և մաքսանենգության մեջ: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանցի լրագրողի առևանգման առնչությամբ: