Հունիսի16-18-ին Արցախում կազմակերպվելու է Հայկական կուսակցությունների 3-րդ ֆորումը
Հունիսի16-18-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու Արցախի Հանրապետության ԱԺ-ն Արցախում կազմակերպելու են Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ 2012 թվականին ՀՀԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է նման համաժողովներ կազմակերպելու ավանդույթ: «Համաժողովի անցկացումը դարձել է ՀՀ կյանքի բարի և արդյունավետ ավանդույթ»,- ասաց նա և նշեց, որ այս համաժողովի առանձնահատկություններից մեկն այն է, որ մասնակցելու է Հայաստանից 15 կուսակցություն և 6-ը՝ Արցախից, այդ թվում ՝խորհրդարանական և արտախորհրդարանական ուժեր:
Նա տեղեկացրեց, որ համաժողովին աննախադեպ մեծ քանակությամբ փորձագետներ են մասնակցելու, որոնց շարքում՝ Տիգրան Թորոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Լարիսա Ալավերդյանը, Տիգրան Հակոբյանը, Վաղարշակ Հարությունյանը, Դավիթ Սարգսյանը, Հրայր Թովմասյանը:
«Համաժողովում մասնագիտական ձևաչափով քննարկվելու են երկու պետությունների հեռանկարները և մարտահրավերները»,- ասաց Աշոտյանը և նշեց, որ Արցախում երկխոսություններն ավելի արդյունավետ են լինում: