211652_close_icon
views-count7661 դիտում article-date 21:52 13-06-2017

Երևանի քաղաքապետը հանձնարարել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել սեփականատերերի կողմից տարածքները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 6 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը և քաղաքաշինական բոլոր ծրագրերի և գործընթացների վերաբերյալ իրազեկել հանրությանը: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` գույքագրվել են մայրաքաղաքի տարածքում սեփականություն հանդիսացող այն հողատարածքները, որոնք չեն օգտագործվում և չեն խնամվում և գտնվում են անմխիթար վիճակում: Այս մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել վերահսկողությունն ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել սեփականատերերի կողմից տարածքները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ: Քաղաքապետը հանձնարարել է նաև հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման մասին Երևանի ավագանու որոշման պահանջները բարեխղճորեն կատարողներին այսուհետ ամեն տարի խրախուսել: Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում շարունակվում են մաքրման, խոտհնձի, կրապատման և ծաղկապատման աշխատանքները: Ապահովվում է նաև տարածքների երկհերթ ոռոգում: Հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքներն ու քայլեր ձեռնարկել նաև նախօրեի կարկուտի հետևանքով վնասված ծաղկապատ տարածքները վերականգնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր