4076 դիտում
14:41 13-06-2017
Հայաստանը և Էստոնիան արդյունավետ համագործակցություն են ծավալել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով. Է. Նալբանդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին:
Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանը և Էստոնիան արդյունավետ համագործակցություն են ծավալել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, և առկա է պատրաստակամություն՝ համատեղ ջանքերով դրանք առավել խորացնելու։
Երկու երկրների արտգործնախարարները կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը։
Նախարարներն անդրադարձան միջխորհրդարանական ձևաչափով փոխգործակցությանը, կարևորեցին ապակենտրոնացված համագործակցության խթանումը։
Բանակցությունների ընթացքում ընդգծվեց երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների առավել զարգացման, փոխգործակցության նոր ոլորտների բացահայտման, գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Նախարարների ուշադրության կենտրոնում էր նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում Հայաստանի և Էստոնիայի միջև փոխգործակցությունը:
Եվրոպական միությունում Էստոնիայի առաջիկա նախագահության համատեքստում նախարար Միկսերը ներկայացրեց Էստոնիայի նախագահության առաջնահերթությունները: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին։ Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Եվրոպական միությունում Էստոնիայի նախագահության ընթացքում՝ այս տարվա նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովին, ակնկալվում է ստորագրել Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարն էստոնացի իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խաղաղ գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համատեղ քայլերը։ Նախարար Նալբանդյանը կարևորեց ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Էստոնիայի հավասարակշիռ դիրքորոշումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին անվերապահ աջակցությունը:
Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում էին նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարն ու միգրացիոն հոսքերի հետ կապված հարցերը:
Էդվարդ Նալբանդյանը և Սվեն Միկսերը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Էստոնիայի Հանրապետության Կառավարության միջև` «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի» կիրարկման մասին արձանագրությունը (Կիրարկող արձանագրություն):
Հանդիպումից հետո Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1833 դիտում
15:44 28-06-2017
Ինչպես արդյունավետ կառավարել անձնական ֆինանսները. ՀԵՀ-ը համագործակցություն է ծավալել ՄՀԳԽՀ-ի աջակցությամբ
Այս բաժնից
1282 դիտում
15:09 28-12-2024
Ծաղկաձորում շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը
628 դիտում
14:50 28-12-2024
Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան
652 դիտում
14:09 28-12-2024
Քովիդ թեստիս պատասխանը վերջապես բացասական է․ Նիկոլ Փաշինյան