Գյումրու Սայաթ-Նովա փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալվել է «Շիրակ» ԳԳՄ տնօրենի վարորդը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրու Սայաթ-Նովա փողոցի սկզբնամասում տեղի ունեցած սկանդալային միջադեպի գործի շրջանակներում կա ձերբակալված անձ: Նա «Շիրակ» ԳԳՄ տնօրենի՝ Սերգեյ Ամիրբեկյանի վարորդն է՝ Խաչիկ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Թատերական հրապարակի հարևանությամբ գտնվող «Վերանդա» սրճարանի հարևանությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով, որը բնակիչների փաստմամբ ընթացել էր կրակոցներով, հարուցվել է քրեական գործ, Ք.Օ. 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի հատկանիշներով, այն է՝ խուլիգանություն կատարելը և 316 հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
Armtimes.com-ը դեպքից անմիջապես հետո տեղեկացրել էր, որ վիճաբանող կողմերը եղել են Ամիրբեկյանի վարորդը՝ Խաչիկ Պողոսյանը, և Գյումրու ավագանու անդամ, գազի գրասենյակի նախկին աշխատակից Վարդան Եդիգարյանը:
Ի դեպ, Խաչիկ Պողոսյանի հայրը Անդրանիկ Պողոսյանը, որը Գյումրիում հայտնի անձնավորություն է, ժամանակին լուրջ պաշտոններ է զբաղեցրել: Եղել է ԱԻՆ Շիրակի մարզային վարչության պետ: Նա լուրջ կապեր ունի շատ կառույցներում, և նրա խոսքերից կարելի է ենթադրել, որ նա որդու մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալային գործը «ջրելու» է երկու օրից:
Պողոսյանը Armtimes.com-ի հետ զրույցում, անդրադառնալով որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, որը, ըստ թաղի բնակիչների, ուղեկցվել է կրակոցներով, ասաց. «Կրակոց չի եղել, դա սուտ է և հերյուրանք: Բերեք ես ձեր մյուս հարցերին պատասխանեմ երկու օրից: Ես այդպես եմ հարմար գտնում»,- Armtimes.com -ին փոխանցեց Պողոսյանը:
Անդրանիկ Պողոսյանն այս հարցը, հավանաբար, ցանկանում է լուծել երկու օրվա ընթացքում: Գազի գրասենյակի որդեգրած սկզբունքների համաձայն, հավանաբար երկու օրից կհայտնվի նաև Վարդան Եդիգարյանը և կհայտարարի, որ նրանց միջև ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել: Այս քաղաքականությունը հարիր է գազի գրասենյակին: Կառույցի աշխատակիցները միմյանց հետ սկանդալային պատմությունների մեջ հաճախակի են հայտնվում, բայց հետո հայտարարում են, թե մտերիմներ են և չունեն տարաձայնություններ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]