8764 դիտում
10:55 09-06-2017
«Գործ տա՞լ», թե չտալ. Ի՞նչ եք ուզում խեղճ մարդուց՝ եթե նա վերևներին չմուծվի, համակարգում չի աշխատի․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Բոլորս քննադատեցինք ՀՅԴ խմբակցության երիտասարդ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանին, որը կոռուպցիայի մասին ոչ հրապարակային ազդարարումը համարեց «հայի տեսակին» ոչ վայել և կարծիք հայտնեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի նոր օրենքներով խրախուսվում է «գործ տալը»: Բայց նա արձանագրել է Հայաստանի բնակչության 90 տոկոսի համոզմունքը:
Ավելին ասեմ՝ թեև մենք՝ քննադատողներս, տեսականորեն համաձայն չենք Անդրանիկի հետ, բայց սովորաբար մենք մեր առօրյա պրակտիկայում վարվում ենք ճիշտ այնպես, ինչպես նկարագրում է պատգամավորը:
Եվ դա վերաբերում է ոչ միայն կոռուպցիային: Երբ երթուղային տաքսու վարորդը ծխում է, արդյոք մենք նրան դիտողությո՞ւն ենք անում: Իսկ երբ մեր նկատողությանն ի պատասխան վարորդը մեզ ուղարկում է հայտնի ռուսական հասցեով, մենք ի՞նչ է՝ գրի ենք առնում մեքենայի համարանիշը ու դիմում ենք քաղաքապետարա՞ն: Ոչ, լավագույն դեպքում մենք էլ նրան նույն տեղը կուղարկենք:
Եվ բոլոր արդարացումները, թե չենք ուզում, որ այս խեղճ մարդը տուժի, որ նա ընտանիք է պահում և այլն, դրանք բոլորը սուտ են: Իրականում մենք վախենում ենք: Վախենում ենք հասարակական կարծիքից և «վատամարդ» դուրս գալուց: Հենց նույն պատճառով էլ մենք պատրաստ ենք առավոտվանից գիշեր օդի մեջ բացականչել՝ «դրանք բոլորը թալանչի են, ավազակ են» և այլն, բայց հենց գործը հասնում է կոնկրետ դեպքին, մենք վարանում ենք ճշմարտությունը հրապարակելուց:
Երբ մաքսայինի աշխատողը մեզնից կաշառք է ուզում, մենք կամ տալիս ենք կաշառքը, կամ ծանոթ ենք փնտրում, որ այդ կաշառքը չտանք: «Բա ի՞նչ եք ուզում խեղճ մարդուց՝ եթե նա վերևներին չմուծվի, այդ համակարգում չի աշխատի»,- կասեք դուք: Դա, իհարկե, ճիշտ է. բայց եթե 100 մաքսավորներից, 100 հարկահավաքներից, կադաստրի 100 աշխատակիցներից 10-ը նստի, արդյոք մնացած 90-ը կմտածե՞ն մուծվելու մասին:
Դուք կասեք նաև՝ պետք է նստեցնել նրանց պետերին, որոնք «նալոգ» են պահանջում, չի լինի պետը՝ չի լինի «նալոգը»: Դա էլ է ճիշտ: Բայց մենք՝ շարքային քաղաքացիներս, պետերի հետ գործնական հարաբերությունների մեջ չենք մտնում: Պետերի հետ առնչվում են «մուծվողները»՝ նրանք կհամարձակվե՞ն իրենց անունից ահազանգել: Բնականաբար, ոչ: Նրանք եթե բողոքեն, ապա միայն իրենց ինքնությունը չբացահայտելու պայմանով: Կբողոքեն, եթե մենք հրաժարվենք «գործ տալը» պախարակելու ասիական, կիսագողական պրակտիկայից:
Ինչո՞վ է տարբերվում «ազդարարի» ինստիտուտը ստալինյան մատնագրերից: Նախ՝ նրանով, որ այն վերաբերում է բացառապես չինովնիկների կոռուպցիային և ոչ թե «հակասովետական» ինչ-որ մտքերին կամ արտահայտություններին: Երկրորդ՝ նրանով, որ պարզապես ահազանգի հիման վրա ոչ մեկին չեն ձերբակալի, այդ ահազանգը պետք է ստուգվի, և եթե սուտ լինի, ոչ ոք մարդուն չի անհանգստացնի: Շատ հնարավոր է, որ չեն անհանգստացնի նույնիսկ այն դեպքում, եթե ահազանգը ճիշտ լինի»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2123 դիտում
08:59 19-12-2014
Եթե դու քո մասին ասում ես «խեղճ», ապա ողջ կյանքումդ խեղճ էլ կմնաս. Առավոտ. խմբագրական
1618 դիտում
22:41 07-02-2014
Ես իմ առաջ խնդիր չեմ դրել որևէ մեկին գոհացնելու, առավել ևս՝ «վերևներին». asekose.am
Այս բաժնից
1477 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»