211652_close_icon
views-count2813 դիտում article-date 10:57 06-06-2017

Օդի անիմաստ տատանումներին պետք է վերջ տալ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս ինձ մի ճանապարհային ոստիկան մոտեցավ և առանց երկար նախաբանի սկսեց՝ «էս ի՞նչ է լինելու էս ժողովրդի վիճակը, մի բան ՊԵՏՔ Է անել, սաղ էթում են երկրից, էս անարդարությունները… էս կաշառակերությունը…»: Երբ նրան հարց տվեցի՝ «իսկ անձամբ դուք վարորդներից կաշառք վերցնո՞ւմ եք», պատասխանը նույնպես սպասելի էր՝ «բա իրանց տված կոպեկներով ո՞նց ընտանիք պահեմ»: Այստեղ առանցքային բառը՝ «պետք է»-ն է: Ինչ-որ բաներ ՊԵՏՔ Է տեղի ունենան՝ իմ կամքից և իմ գործողություններից անկախ: Ծառերը ՊԵՏՔ Է ծաղկեն, արտերը ՊԵՏՔ Է բերք տան, Հայաստանում ՊԵՏՔ Է լավ, այսինքն՝ ժողովրդին «լավ նայող» իշխանություն լինի և այլն: Իրականում է այդ թեմայով հնարավոր է խոսել ժամերով և օրերով՝ հուզվելով, բողոքելով ու բորբոքվելով: Մեր մտքով շատ հազվադեպ է անցնում մի պարզ հարց՝ «իսկ ի՞նչ ՊԵՏՔ Է անեմ ես»: Մասնավորապես, իմ զրուցակից «գաիշնիկը» ՊԵՏՔ Է դադարի մարդկանց գլխին գործ սարքել և դրանով ընտանիք պահել: Գլոբալ հարցերից խոսելը հեշտ է, մայթին ընկած կոնֆետի թուղթն աղբամանը գցելը շատ ավելի դժվար է: Մամուլի ակումբներում ամեն օր հյուրընկալվում են քաղաքական գործիչներ, և բոլորը խոսում են «պետք է»-ի տեսանկյունից՝ «Հայաստանը ՊԵՏՔ Է դառնա զարգացած, քաղաքակիրթ երկիր», «իշխանության ճյուղերը ՊԵՏՔ Է տարանջատվեն», «դատական համակարգը ՊԵՏՔ Է անկախ լինի», «ՊԵՏՔ Է զարգացնել ռազմարդյունաբերությունը», «ՊԵՏՔ Է իրական պայքար ծավալել կոռուպցիայի դեմ», «ժողովուրդը ՊԵՏՔ Է ոտքի կանգնի», «այս իշխանությունը չարիք է և օր առաջ ՊԵՏՔ Է հեռանա»: Քանի որ այս ամենը ես լսում եմ և որպես լրագրող ստիպված վերարտադրում եմ արդեն 26 տարի, ապա հայտնեմ իմ համեստ կարծիքը՝ օդի անիմաստ տատանումներին ՊԵՏՔ Է վերջ տալ: Վերջերս մի հեռավոր երկրից հերթական ազգային գործիչն եկավ ու ասաց. «Հայաստանը շատ վատ վիճակում է՝ ժողովուրդը քիչ է, տարածությունը՝ փոքր, բնական պաշարներ չկան, և այդ վատ վիճակից դուրս գալու համար ՊԵՏՔ Է աշխատանք տարվի, ՊԵՏՔ Է Սփյուռքին համոզել, որ գան, գործարաններ հիմնեն Հայաստանում: Այդ գործիչը նշեց նաև. «Հայաստանը ՊԵՏՔ Է ադամանդ դարձնենք, ՊԵՏՔ Է այստեղ աշխատատեղ ստեղծենք: Եթե մարդ գործ չունենա, ապագա էլ չի լինի»: Լավ է՝ ասաց, թե չէ մենք չգիտեինք: …Ինչպես ժամանակին գրել է Պարույր Սևակը՝ «թե ասելով լիներ՝ կարելի էր շուռ տալ աշխարհն իրոք և իսկույն էլ տեղը նոր աշխարհ շինել»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր