211652_close_icon
views-count26481 դիտում article-date 22:00 02-06-2017

«Սուրուլիկի Արծիվը»․ Շիրազ Սահակյան

Աջ ձեռքով ամուր բռնել էր շիթիլների կապոցն ու շնչակտուր երեխայի նման արագ-արագ քայլում էր քարուքանդ եղած փողոցով։ Լսել էր, որ իր վաղեմի ծանոթի հետ դժբախտ դեպք է պատահել ու դեռ լույսը չբացված շտապել էր գալ, իր աչքով տեսնել, համոզվել ու միգուցե հուզվել, լաց լինել․․․․ Նրա աչքերը լացակումած էին։ Լսել էր, որ կապիտան Սահակյանն ականի պայթյունից վիրավորվել է։Եկել էր, որ իր օգնությունը ցուցաբերի։ Այդ պահին նա կարող էր միայն իր ներկայությամբ ու մատղաշ շիթիլներով օգնել։ Սակայն կապիտանը գյուղում չէր։ Այսպիսին են ազնիվ ու բարի գյուղացիները։ Հիվանդանոցի նեղ միջանցքում իրարանցում սկսվեց։ Հեռավոր Տավուշից վիրավոր կապիտանին էին բերում։ Հիվանդասայլակը շրջապատված էր մարդկանց անորոշ ու հուզմունքից սպիտակած դեմքերով։ Հիվանդասայլակի վրա կապիտանն էր պառկած։ Պառկած էր լուռ ու անխոս։ Մտածում էր իր մասին, իր մարտական դիրքի, զինվորների, միջանցքում խմբված հարազատների, ապագայի մասին։ Ձեռքի վրա ականի պայթյունից առաջացած կետիկավոր այրվածքներն էին, որոնք առատ խալերի նման դասավորված էին իրար կողքի։ Աչքերը առաջ էր նետում, որ տեսնի կտրված ոտքն ու մտքում մտածում, կկարողանա քայլել, թե ոչ։ Տարիներ առաջ իր այդ ոտքով մարտական դիրքում խաչքար էր դրել, բարեկարգել ու գեղեցկացրել։ Նա շարունակ հիշում էր այդ օրը, վերջին քայլերն ու պայծառ արևը, որ շողում էր սովորականի պես։ Անցան օրեր, բայց նա գիշերները չէր կարողանում քնել, քանի որ աչքերը փակելուն պես նոր ականներ էին պայթում ու նոր վերքեր էին առաջանում նրա վրա։ Մղձավանջները հանգիստ չէին տալիս ու այդ ամենից ցավում էր նրա վնասված գլուխը։ Հաճախ արցունքներն էին երևան գալիս և ցույց էին տալիս նրա ներսի պայքարը։ Բայց ժամանակը անցնում է ու կապիտան Սահակյանը պայքարում։ Պայքարում առաջվա նման, պայքարում կենդանի ու անկենդան ականների հետ, պայքարում իր կտրված ոտնաթաթի համար,պայքարում, որ ժամանակից շուտ առողջանա ու նորից գնա իր «Սուրուլիկ» մարտական դիրքը, մոտենա խաչքարին, համբուրի ու աչքերը պարզի երկինք, որ շնորհակալություն հայտնի Աստծուն ու նորից իր ոտնահետքերը դրոշմի մարտական դիրքի հարազատ հողի վրա։ Արևը շարունակում է շողալ։ Կապիտանն իր հավատը չի կորցրել։ Նա շարունակում է ապաքինվել, քանի որ իրեն սպասում է հայրենիքն ու մարտական դիրքը։ Նա վստահ է, որ նորից հսկելու է իր մարտական դիրքը ու իր սրտում կրելու է «Սուրուլիկի Արծվի» հավիտյան կոչումը։ Լուսանկարները՝ Արայ Զարգարեանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր