Շախմատի մարզադպրոցը ջրադո՞ւլ է հայտարարել Վեոլիա Ջուր ՓԲԸ պարզաբանում է
Այո, մայիսի 31-ին Վեոլիա Ջուր ՓԲԸ կողմից դադարեցվել է Երեւանի Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի ջրամատակարարումը: Վերջինիս տնօրինությունն աղմուկ է բարձրացրել. իր իրավունքն է: Սակայն աղմուկը մնում է աղմուկ, եւ ինքն իրեն դեռ չի վկայում բողոքող կողմի իրավացիությունը: Առավել եւս՝ չի հանդիսանում մեղավորության ապացույց մի կազմակերպության, որի հետ կապված ես պայմանագրային հարաբերություններով:
Ինչ է տեղի ունեցել իրականում եւ արդյոք Վեոլիա Ջուր ընկերությունը ջրանջատման իրավունք ուներ:
Պատմությունը հակիրճ հետեւյալն է: Դեռեւս 2016թ. հուլիսի 4-ին նախկին Երեւան Ջուր ՓԲԸ կողմից իրրականացված ստուգման արդյունքում բաժանորդ չհանդիսացող մարզադպրոցում հայտնաբերվում է 32մմ տրամագծով խողովակ, որով ջուրը սպառվում էր ապօրինաբար: Կազմվում է ԱԿՏ՝ հայտնաբերված խախտումների մասին: Դրա հիման վրա, գործող օրենսդրության շրջանակներում, կատարվում է ծախսված ջրի վերահաշվարկ, որին հրավիրվում է դպրոցի ներկայացուցիչը: Վճարման էր ենթակա 3 մլն 192 հազար 831 դրամ:
Սակայն, այնուհետեւ, իբրև բարի կամքի դրսևորում, և ի նկատի ունենալով դպրոցի տնօրեն Ռաֆայել Վահանյանի վաստակը Հայաստանի Հանրապետության առջև, Երևան Ջուր ՓԲԸ տնօրինության կողմից, ակտը չեղարկվում է: Բայց միայն 2017թ. մարտի 30-ին է հաջողվում, արդեն նոր ջրամատակարար Վեոլիա Ջուր ՓԲԸ կողմից, շախմատի մարզադպրոցը որպես իրավաբանական բաժանորդ ձեւակերպել եւ տեղադրված ջրաչափը ընդունել հաշվառման:
Գալիս է մայիսը, սակայն նախորդ՝ ապրիլ ամսին սպառված 546 խոր. մետր ջրի դիմաց հասանելի 98 հազ. 282 դրամը բաժանորդը չի շտապում վճարել: Ջրամատակարարը ստիպված է լինում մայիսի 16-ին բաժանորդին գրավոր ծանուցել, որ 5-օրյա ժամկետոմ չվճարելու դեպքում կդադարեցվի ջրամատակարարումը, իսկ պարտքը կգանձվի դատարանի միջոցով: Դրանից հետո Ընկերության սպասարկող տեղամաս է գալիս մարզադպրոցի ներկայացուցիչ Գագիկ Սարգսյանը, որին առաջարկվում է պարտքը մարելու ժամանակացույց կազմել: Վերջինս խոստանում է այդ մասին իր տնօրենին տեղյակ պահել: Պատասխան այդպես էլ չի ստացվում:
Մայիսի 31-ին, հաշվի առնելով, որ բոլոր ժամկետները սպառված են, ընկերության ներկայացուցիչը դպրոցում գրանցում է ջրաչափի վերջին ցուցմունքը, փակում և հոլոգրաֆիկ կնիքով կնքում է գլխավոր փականը, դադարեցնելով ջրամատակարարումը:
Ամեն ինչ արվում է համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. նոյեմբերի 30-ի թիվ 378Ն «Խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման /կեղտաջրերի մաքրման/ ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» որոշման համաձայն:
Հունիսի 1-ին, հաշվի առնելով, որ դպրոցն այնուամենայնիվ մնում է դպրոց, Վեոլիա Ջուր ՓԲԸ որոշում է ջրամատակարումը վերականգնել, հուսալով, որ բաժանորդը, որը պատեհ-անպատեհ վկայակոչում է իր 400 աշակերտների կենցաղային կարիքները, ի վերջո կխորհի նաեւ վճարելու մասին: Սակայն երբ ընկերության ներկայացուցիչը գալիս է մարզադպրոց, պարզվում է, որ ջրաչափի տեղադրման վայրը փակ է, իսկ բանալին «հայտնի չէ», թե ում մոտ է:
Ստացվում է՝ երեխեքը՝ երեխեք, սակայն վերը նշված Գագիկ Սարգսյանն իրոք խոսքի տեր մարդ է: Aysor.am կայքին նա հայտարարել էր, որ եթե նույնիսկ այժմ ընկերությունից վերադառնան ջրամատակարարումը վերականգնելու, արդեն իրենք չեն թողնելու, որ մուտք գործեն դպրոց: «Մինչև փաստաթղթով հիմնավորում չներկայացնեն, թե ինչ պատճառով են անջատել դպրոցի ջրամատակարարումը, և կամ ինչ որոշման հիման վրա են միացնում, թույլ չեմ տալու մոտենան ջրի հաշվիչին» - սպառնացել էր նա: - «Դուք ձերն եք արել, մենք էլ մերը կանենք»:
Եւ սա կոչվում է կառուցողական դիրքորոշում: Ակնհայտ է, որ մարզադպրոցի տնօրինության նպատակը ոչ թե առաջացած խնդրի կարգավորում է, այլ դրա շահարկումը, հանրության մեջ իր նկատմամբ, որպես Վեոլիա Ջրի հետապնդման անմեղ զոհի, կերպարի ձեւավորումը: Զոհ, որի գինը եղած - չեղած 98 հազար 282 դրամ է:
Ասենք՝ տնօրինությունն իր գինը ավելի լավ կիմանա, սակայն Վեոլիա Ջուր ՓԲԸ միանշանակ նման էժանագին «զոհի» կարիք չունի. չափազանց մեծ պատիվ մարզադպրոցի տնօրինության համար:
Հ.Գ. Սույն պարզաբանման հրապարակման պահին հայտնի դարձավ, որ Վեոլիա Ջուր ՓԲԸ երկրորդ փորձը՝ վերականգնել մարզադպրոցի ջրամատակարարումը, նորից արդյունք չի տվել: Գագիկ Սարգսյանը, վկայակոչելով տնօրեն Ռաֆայել Վահանյանի ցուցումը, արգելել է ընկերության աշխատակցի մուտքը տարածք:
[b]Վեոլիա Ջուր ՓԲԸ տնօրինություն[/b]