Աշտարակի քաղաքապետարանը կես մլն դրամի օծանելիք է գնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աշտարակի քաղաքապետարանը բյուջեի միջոցներով կանացի օծանելիք է գնել՝ վճարելով մոտ կես միլիոն դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթին՝ պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ գնվել է 23 հատ «Սենշուալ Կարմիր» անունով կանացի օծանելիք՝ 50 մլ տարողությամբ: Իսկ յուրաքանչյուր օծանելիքի համար վճարել է 19 հազար դրամ:
Ստացվում է, որ քաղաքապետարանի բյուջեից 23 հատ օծանելիքի համար ծախսվել է 437 հազար դրամ: Ում համար են գնվել այդ օծանելիքները հարցին Աշտարակի փոխքաղաքապետ Գևորգ Եղիազարյանն ասաց. «Համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող օբյեկտների՝ մանկապարտեզների դայակների, երաժշտական դպրոցների մանկավարժների, ինչպես նաև՝ քաղաքապետարանի աշխատակազմի լավագույն աշխատակիցների համար: Օծանելիքները նվիրվել են ապրիլի 7-ի առիթով»:
Ի դեպ, բացի օծանելիքից՝ կանանց ապրիլի 7-ի առիթով նվիրվել են նաև ծաղկեփնջեր, որոնք, ինչպես Եղիազարյանը շտապեց տեղեկացնել, գնվել են տղամարդկանց միջոցներով: Չի բացառվում, որ օծանելիքները նվիրվել են այն աշխատակիցներին, որոնք ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մեղվի պես աշխատել են ՀՀԿ-ի համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]