211652_close_icon
views-count6098 դիտում article-date 22:43 25-05-2017

ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի աջակցությամբ անցկացվել է հայ-ամերիկյան վարժանք՝ ատոմակայանի վթարի թեմայով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 24-25-ը ՀՀ ԱԻ նախարարությունը կազմակերպել էր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Միջոցառումն իրականացվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի աջակցությամբ: Միջոցառման նպատակն էր կատարելագործել ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հմտությունները` միջուկային և ճառագայթային վթարների դեպքում աղետի գոտում բնակչության պաշտպանության կազմակերպման գործում, ինչպես նաև հնարավորություն ընձեռել կառավարման մարմիններին և արձագանքող ուժերին գործնականում իրականացնել արտակարգ իրավիճակներում առաջադրված խնդիրները: Նախորդ օրը ՀՀ ԱԻՆ նիստերի դահլիճում անցկացվել էր քննարկում` ուսումնավարժությանն ընդգրկված բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ուսումնավարժության ղեկավար՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը բացման խոսքում նշեց, որ Հայաստանը 1993 թվականից հանդիսանում է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) լիիրավ անդամ և համագործակցում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման տարբեր բնագավառներում` կատարելով միջազգային կոնվենցիայի բոլոր պահանջները. - Ուսումնավարժության արդյունքում ձևավորված առաջարկություններն ու մոտեցումները հաշվի կառնվեն արձագանքման ազգային պլանի վերամշակման ընթացքում: Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ և Եվրոպական միության գործընկերներին՝ այս ուսումնավարժությանը մասնակցելու և օժանդակելու համար: ԱՄՆ-ից ժամանած փորձագիտական խմբի ղեկավար Դյուի Ուոնգն իր խոսքում կարևորեց ուսումնավարժության անցկացումը՝ բարձր գնահատելով աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը: Հրամանաշտաբային ուսումնավարժության մեջ ներգրավված էին 12 նախարարություն և գերատեսչություն, չորս մարզպետարան, 2 քաղաքային և 5 գյուղական համայնք, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն, ինչպես նաև ԱՄՆ ցամաքային ուժերի ինժեներական կորպուսի ու ԵՄ ներկայացուցիչներ: Ըստ ուսումնավարԺանքի պլանի՝ ՀԱԷԿ-ի ռեակտորի հովացման համակարգում առաջացել էր ջրի արտահոսք: Անձնակազմը միջոցներ էր ձեռնարկել խնդիրը չեզոքացնելու հաար, սակայն իրավիճակն ավելի էր բարդացել և ժամեր անց ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ ՀԱԷԿ-ի տեխնոլոգիական պարամետրերը դուրս են եկել անվտանգ շահագործման սահմաններից ու տեղի էր ունեցել նախագծային վթար, պայթյուն և քիչ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր արտանետում մթնոլորտ: Վարժանքի ընթացքում վթարի արձագանքման աշխատանքներում ընդգրկված պետական մարմինները պարբերաբար զեկույցներ էին ներկայացնում իրենց ձեռնարկած միջոցառումների վերաբերյալ: Վարժանքի գործնական հատվածում Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցում հնչել է «Ճառագայթային վտանգ» ազդանշանը, աշակերտներին ու ուսուցչական անձնակազմին բաժանվել են յոդի դեղահաբեր և իրականացվել է տարհանում: Ծավալվել են սանիտարական և հատուկ մշակման կետեր, իրականացվել են բնակչության ճառագայթային պաշտպանության միջոցառումներ: Բացազատված հատուկ կետեր տեղափոխված աշակերտներն անցնում էին քիմիական և ճառագայթային մշակում և ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Հատուկ մշակում էին անցնում նաև տրանսպորտային միջոցները, որից հետո աշակերտները տեղափոխվում էին ճառագայթային վտանգից զերծ բնակավայրեր: Տեղում գործնական աշխատանքների ընթացքին հետևում էր հրամանաշտաբային ուսումնավարժության ղեկավար, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը: Իրականացվող գործողություններն ուղիղ կապով առցանց հնարավոր էր հետևել նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման օպերատիվ կենտրոնում: Որպես դիտորդ՝ հանդես էին գալիս ԱՄՆ, Հայաստան-ԵՄ ոլորտային համագործակցության շրջանակներում ժամանած Բելգիայի միջուկային անվտանգության կենտրոնի և Լեհաստանի քիմիական ինստիտուտի ներկայացուցիչները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր