211652_close_icon

«Պայծառ բևեռ» գոյություն չունի. «Առավոտ»

views-count2370 դիտում article-date 10:50 24-05-2017
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ռուսաստանը թերզարգացած, տեխնոլոգիապես հետամնաց, ոչ ժողովրդավարական երկիր է, որի ղեկավարության կայսերական չհիմնավորված հավակնությունները հաճախ արհավիրքների առաջ են կանգնեցնում թե՛ ռուսաստանցիներին և թե՛ նրանց հարևաններին: Բայց ես չեմ կարող համաձայնել, որ աշխարհում կա ինչ-որ «պայծառ բևեռ», որի հետ պետք է հույսեր կապել: Երբ Միացյալ Նահանգներն ասում է «մարդու իրավունքներ», «խոսքի ազատություն», «ընտրական իրավունք», «արդար կառավարում», «արևմտյան արժեքներ» և այլն, շատ բնական հարց է առաջանում. «Ազատ աշխարհի հարգարժան առաջնորդներ, իսկ ո՞վ է Միջին Արևելքում ձեր ամենամտերիմ դաշնակիցը: Սաուդյան Արաբիա՞ն: Իսկ ինչպե՞ս են այդ երկրում լուծվում ձեր նշած բոլոր հարցերը: Գուցե այնտեղ խոսքի ազատությո՞ւն կա: Գուցե թագավորը կամ թագաժառանգները արևմտյան արժեքներն են դավանում: Կամ մարդկանց իրավունքնե՞րն են հարգում: Թե՞ այս պարագայում դա կարևոր չէ: Ինչպես ասում են՝ «փողին մուննաթ»: Հատկապես՝ այն միլիարդներին, որոնք վճարվում են զենքի համար: Երբ Ռոգոզինն է ասում՝ «սա բիզնես է», դա ցինիկ է հնչում, իսկ երբ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն է բիզնես անում աշխարհի ամենադաժան միապետություններից մեկի հետ՝ դա ցինիկ չէ՞: Ախ հա, մոռացա: Սաուդյան Արաբիային 110 միլիարդի զենք է վաճառվում, որպեսզի այդ երկիրը պայքարի սունի ծայրահեղական խմբավորումների դեմ: Բայց, որքան գիտեմ, այդ երկիրը հիշյալ ծայրահեղականների հայրենիքն է և գլխավոր հովանավորը: Հետևաբար ԱՄՆ-ին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը բացարձակապես չի հետաքրքրում: Իսկ հետաքրքրում է արդեն նշված բիզնեսը, ինչպես նաև «ազդեցության ոլորտը»: Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանին: Բայց դա ուղիղ տեքստով չի ասվում. նման երկրներին առանց «թշնամու կերպարի» ապրելը մի տեսակ հարմարավետ չէ: Եվ Թրամփը գտավ այդպիսի «թշնամի»՝ Իրանը: Չնայած Իրանից, որքան գիտեմ, ոչ մի ահաբեկիչ դուրս չի եկել, իսկ Սաուդյան Արաբիայից՝ որքան ուզեք: Իհարկե, ոչ Թրամփը, ոչ էլ որևէ այլ ամերիկացի պաշտոնյա չի հավատում, որ Իրանն աշխարհի համար վտանգ է ներկայացնում: Դա պարզապես ձևի համար է ասվում՝ աշխարհին ինչ-որ մտացածին, ձևական կառուցվածք տալու համար: Համ էլ Իրանի նկատմամբ զգացմունքները միավորում են իրար նկատմամբ թշնամաբար տրամադրված Սաուդյան Արաբիային և Իսրայելին: Մի խոսքով, աշխարհում փնտրել, ի հակադրություն Ռուսաստանի, որէ այլ «լուսավոր կետ»՝ միամտություն է և պրագմատիզմի իսպառ բացակայության նշան: ԱՄՆ նախագահի՝ Միջին Արևելք այցի պատմության մեջ միակ հաճելի պահն այն էր, որ Էր Ռիադում Թրամփի «քավորությամբ» մի շարք երկրների հակաիրանական հավաքին մասնակցում էր նաև Ադրբեջանը: Մեր հարևանների այս անհաշվենկատ քայլից պետք է օգտվել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր