Լարվածությունը չի նշանակում ծեծել. շրջանառվող պատմությունը չափազանցված է․ Վահան Կարապետյան
Ես ինքս էի հրաժարվել մանդատից, դիմել ԿԸՀ-ին, հիասթափված էի։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը։
«Ճիշտ ա 9000 ձայն էի տարել, բայց իմ ակնկալիքներն ավելի շատ էին։ Ամեն ինչից հիասթափված՝ ես հաջորդ օրը գնացի պարոն Ծառուկյանի մոտ, ես ինքս շեշտեցի, որ չեմ ուզում լինել պատգամավոր»,- ասաց նա՝ հավելով, որ ակնկալում էր 15 000 քվե ստանալ։
Վահան Կարապետյանը մանրամասնեց, որ ինքնաբացարկի դիմումից հետո թիմով, կուսակցությունում որոշեցին, որ պիտի լինի պատգամավոր այդ պատճառով դիմեց ԿԸՀ։
Խոսելով ԱԺ նախընտրական շրջանում իր և ՀՀԿ-ական թեկնածուների միջև տեղի ունեցած միջադեպին, Վահան Կարապետյանն ասաց, որ նախընտրական շրջանում որոշակի լարվածություն եղել է և դա դեռ չի նշանակում, որ իրեն ծեծի են ենթարկել։
«Ես ինքս հայտարարեցի, որ չեն ծեծել: Լարվածությունը չի նշանակում ծեծել: Ինձ ռեանիմացիա էին «ուղարկել», բայց իրականում այդպիսի բան չէր եղել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ շրջանառվող պատմությունը չափազանցված է եղել։