3218 դիտում
12:12 20-05-2017
Եվրաինտեգրացման հարցերով մշտական հանձնաժողովի պահպանումը քաղաքական ուղերձ է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վեցերորդ գումարման Ազգային ժողովում նախկին 12 հանձնաժողովների փոխարեն այսուհետ կգործեն 9 մշտական հանձնաժողովներ: Երեկ հայտնի դարձավ, որ փակվող հանձնաժողովների շարքում է նաև Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը: Այն, ըստ էության, միավորվում է պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի հետ, ինչը երեկ բուռն քննարկումների առիթ դարձավ խորհրդարանում:
Փոխարենը շատերի համար անսպասելիորեն որոշվեց պահպանել Եվրաինտեգրացման հարցերի մշտական հանձնաժողովը, որը վերջին նստաշրջանում ոչ մի անգամ նիստ չէր գումարել: Ու թեև այս հանձնաժողովը ղեկավարած Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ հանձնաժողովը բավականին արդյունավետ աշխատել է, պարզապես կատարված գործը շատ չի հրապարակայնացվել, այնուամենայնիվ կարծիք կար, որ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո ՀՀ խորհրդարանում եվրաինտեգրացման հարցերով հանձնաժողովը շարունակում է իներցիայով գործել՝ այն լուծարելով ավելորդ աղմուկ չբարձրացնելու համար: Ավելին՝ 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո խոսվում էր նոր՝ Եվրասիական ինտեգրացիայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին:
Եվ հիմա՝ նոր խորհրդարանում Եվրաինտեգրացման հարցերով մշտական հանձնաժողովի պահպանումը կարելի է դիտարկել որպես քաղաքական ուղերձ՝ նոյեմբերին ԵՄ հետ ստորագրվելիք նոր՝ խորը և համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրումից առաջ: ԱՆշուշտ, այս ուղերձը կարող է լինել հուսադրող, եթե, իհարկե, Հայաստանը շարունակի ԵՄ հետ ինտեգրացիոն քաղաքականության խորացումը, և չկրկնվի 2013թ. Վիլնյուսի գագաթնաժողովի պատմությունը: Հատկապես, որ ստորագրվելիք փաստաթուղթն ինքնին շատ ավելի ցածր աստիճանի ինտեգրացիա է ենթադրում, քան այն, ինչ խոստացվում էր 2013-ին բանակցված և նախաստորագրման պատրաստ Ասոցացման համաձայնագրով:
Ամեն դեպքում, Հայաստանի ինքնիշխանությունը վերջին տասնամյակում այն աստիճանի կախվածության մեջ է Կրեմլից, որ անգամ ԱԺ-ում Եվրաինտեգրացման հարցերով հանձնաժողովի գոյությունը կարելի է լուրջ քայլ համարել: Այլ խնդիր է՝ դա արվել է հյուսիսից պաշտոնապես թույլտվու-թյուն ստանալուց հետո, թե քաղաքական խիզախության արդյունքում, որի դիմաց առաջիկայում կարող են լինել եղբայրական «ապտակներ» ՀՀ իշխանություններին:
Նկատի առնելով այս հանձնաժողովի նոմինալ գոյությունը և փաստի անգործությունը նախկինում՝ կարող ենք ասել, որ սա կարող է լինել փոքրիկ բոնուս ՀՀ իշխանություններին՝ սիրաշահելու տասնյակ միլիոնների վարկեր խոստացող ԵՄ պաշտոնյաներին: Ի վերջո, հենց նույն Կրեմլում էլ հասկանում են. եթե իրենք ֆորպոստին փող չեն տալիս, պետք է չփակեն գոնե այլ խողովակներով փող ստանալու հնարավորությունը, այլապես կարող են լինել անկառավարելի զարգացումներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2334 դիտում
16:50 18-10-2018
Մոլդովայի խորհրդարանը հրաժարվեց Սահմանադրության մեջ եվրաինտեգրացման մասին հոդված ամրագրել
Այս բաժնից
1225 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»