211652_close_icon
views-count15087 դիտում article-date 01:53 18-05-2017

Վաճառվելու մեղքը. Եվ այսպես ապրում ենք մի հարկի տակ, տգետները՝ ենթարկվելով նրանց, նրանք՝ ատելով բոլորիս

Տնտեսագիտությունից հայտնի է, որ եթե շուկայում կա տվյալ «ապրանքի» անխնա սպառումը, հետևաբար կա նաև դրա մեծ պահանջարկը: Եթե այս թեորեմը պրոեկտում ենք Հայաստանում անցկացվող ցանկացած ընտրության հետ, ստացվում է, որ տվյալ դեպքում «ապրանքը» կաշառվող քաղաքացին է, ով էժան գնով իրեն վաճառում է իշխանությանը, իշխանությունն էլ գնորդն է, ով ունենալով փող, առնում է տվյալ «ապրանք»-ն այն քանակով, ինչքանով որ իրեն անհրաժեշտ է սեփական աթոռի վերարտադրման համար: Եթե քաղաքացին թույլ չտար իրեն գնեին (այսինքն, չլիներ ապրանքը), չէին լինի նաև ընտրակաշառքները (այսինքն, չէին հայտնվի ապրանքի գնորդները), ուստի, եթե այնուամենայնիվ ընտրությունները կեղծվեին, այդ դեպքում պատճառն այն չէր լինի, թե ժողովուրդն էր ծախված, փոխարենը կլիներ մեկ այլ պատճառ (կան կեղծման բազմաթիվ մեխանիզմներ, բոլորդ գիտեք), ու այդ դեպքում քաղաքացու պատիվը գոնե զերծ կմնար վաճառվողի պիտակավորումից: Բայց հիմա պատկերը շուռ է եկել այնպես, որ եթե առաջ ժողովուրդն էր մեղադրում իշխանություններին շինծու ընտրությունների մեջ, այժմ վերջիններս շատ հանգիստ, առանց որևէ ցնցումների կարողանում են կազմակերպել այդ ամենը առանց ավելորդ տեխնիկական միջոցառումներ ձեռնարկելու, հիմա նրանք ընդամենը գնում են քաղաքացուն, և վերջ. - Թող փող չվեգալեին, չընտրեին ախպեր, տվել ենք ասել ենք սրան ձեն կտաս արա, սուսուփուս վեկալել քվեարկել են, բա ինչ էիր ուզըմ ընգեր: «Թող չվաճառվեին, չառնեինք», ահա նրանց չքմեղանքը, բայց եթե խորը նայենք հարցին, սա արդարացում չէ, այլ ճշմարտություն, որն այս դեպքում իրենց կողմն է: Նրանք այս դեպքում արդարացի են: Իշխանությունները, հանդես գալով կաշառողի դերում, ավելի ճշմարիտ են՝ «թող թույլ չտար, չանեինք» գողական սկզբունքով, քան փողը վերցնող մարդը: Բայց հիմա առկա է ավելի գլոբալ խնդիր, քան կարող ենք պատկերացնել: Մենք ունենք արժանապատիվ քաղաքացու անհետացման վտանգի եզրին կանգնած իրավիճակ: Անձը, ով վաճառում է իր ձայնը կոպեկներով, դադարում է գոյություն ունենալ որպես արժեք, որպես անհատ: Իրեն ծախելով, նա իր մարդ-անհատի կոզիրները, միավորները, հաղթաթղթերը, ամեն-ամենը միանգամից տալիս է դիմացինին՝ իրեն սարքելով բացարձակ զրո: Նա դառնում է զուտ բնազդներով ապրող կենդանի, անասուն (բառիս ուղիղ իմաստով), ով մտածում է միայն օրվա հացը ինչ-որ անկյունից հայթայթելու, սնվելու և մեռնելու մասին: Նրանք գերադասում են իջնել մակարդակով՝ փոխարենը կարողանալով լուծել մի քանի ժամվա ստամոքսի խնդիր, ինչը բնորոշ է միայն կենդանական աշխարհի բնակիչներին, ոչ թե՝ նորմալ մարդկանց: Իսկ ու՞ր մնաց քաղաքակիրթ մարդու մտածելակերպը, ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանուց: Բանականությամբ, կասեք դուք, բայց փողը վերցնելով, նրանք դադարում են մնալ բանական էակներ, քանի որ արժեհամակարգը փոխում են նյութականի հետ, հոգևորը՝ մի քանի օրվա հացի: Նրանք ծախում են ոչ միայն իրենց, այլև խաղում իմ ու մեր՝ չվաճառվողներիս ապագայի հետ, այնպես անելով, որ իրենցից հետո շարունակենք կրել այն խաչը, որը ժառանգաբար իրենց պատճառով կփոխանցվի մեզ, չթողնելով, որպեսզի կրեինք մերը, այս երկրում ստեղծեինք մեր սեփականը ու որոշ բաներ կարողանայինք փոխել դեպի լավը: Իրենց վաճառվելով, նրանք գցում են իրենց պատիվը ու արգելք դնում մեր գալիքի հնարավոր զարգացման վրա միաժամանակ: Կա նաև մեկ այլ ենթաշերտ: Կաշառողը երբեք չի կարող հարգել նրան, ում գնում է: Վերջինս չի կարող սիրվել իրեն առնողի կողմից: Գնորդը, առնելով «ապրանքը», նրան դեն է շպրտում, երբ վերջինս օգտագործումից հետո այլևս անհրաժեշտ չէ նրան (իրավիճակը ընտրություններից հետո): Հետևաբար, իշխանությունները մտածում են, էլ ինչու՞ է պետք աշխատել անինքնասեր ժողովրդի համար: Այսինքն, նախընտրական խոստումները, թե «ընտրեք ինձ, կանենք սա ձեզ համար», առասպելի ժանրից են: Նրանք ցանկանում են գալ իշխանության միայն ու միայն սեփական ընտանիքը հարստացնելու և իրենց ազդեցությունը պահելու համար՝ անգիտակից ու չքավոր մարդկանց ճոխ խոստումներով միամտացնելու շնորհիվ: Եթե տերը չսիրեց իր ծառային, իր աթոռին նստելուց հետո նա սեփական աշխատավորների համար երբեք ինչ-որ բան չի անի. ոչ թե որ չի կարող, այլ քանի որ ցանկություն չի ունենա անելու լավ գործ նրանց համար, ում ինքը ստորացրել է, գնել, բանեցրել իրեն ձայն տալու համար ու վերջում դեն շպրտել: Այդպիսի ժողովուրդը հարգանք չի կարող ունենալ նրա մոտ, իսկ եթե չկա պատիվ, ուստի և չկա ոչ մի գրամ ցանկություն անելու ինչ-որ բան այդպիսի ազգի համար: Ստացվում է այսպիսի փակ ցիկլ. քաղաքացին, ով կաշառվում է, ցածրացնում է նախ և առաջ իրեն՝ իր ընտրության իրավունքը նվիրելով երկրում առկա բոլոր չարիքների մեղավորին՝ չնչին գումարի դիմաց (հոգին սատանային ծախելու սկզբունքով), խաթարում է մեր՝ չկաշառվողներիս ապագան, աթոռին է բազմեցնում նրան, ով իրեն ստորացնում է, իր հերթին այդ նվաստացնողը այլևս չի հարգում իրեն գահին նստեցնողին, հետևաբար ցանկություն չունի աշխատելու նման անինքնասերի համար, և երկրում/քաղաքում ոչ մի փոփոխություն, զարգացում, առաջընթաց չի լինում. փոխարենը ավելանում են արտագաղթի ավտոբուսները, պատի տակ կանգնած «էսի երգիր չի դառնա ախպեր» հենց կաշառվողների կողմից լսվող հաչոցները, սոցիալական տխուր վիճակը, քաղաքի աղետային չափսերի հասնող կեղտոտ օդը, անճաշակությունը, ռաբիզությունը, համընդհանուր կիսատ-պռատությունը, հայտնի գաղջ մթնոլորտը, մնացյալ բացասական ամեն-ամեն ինչը: Եվ այսպես ապրում ենք մի հարկի տակ, տգետները՝ ենթարկվելով նրանց, նրանք՝ ատելով բոլորիս... Համլետ Մուրադյան «Գրքամոլ» Ակումբի նախագահ

Նմանատիպ նյութեր