211652_close_icon
views-count6762 դիտում article-date 22:31 16-05-2017

Ընտրողների ցածր ակտիվությունը ապատիայի և քաղաքական համակարգի նկատմամբ անվստահության նշան է. Լիիսա Անսալա

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 10 անդամից բաղկացած պատվիրակությունը ավարտել է իր դիտորդական առաքելությունը Երևանում: Պատվիրակության ղեկավար Լիիսա Անսալան հանդես է եկել Երևանի ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ: «Այս ընտրությունների ընթացքում, որոնք անցկացվեցին 2016 թ.-ին լրամշակված Ընտրական օրենսգրքի համապատասխան, ընտրողների նույնականացման սարքերը օգտագործվեցին երկրորդ անգամ ապրիլի 2-ի կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, ինչը թույլ տվեց Կոնգրեսի պատվիրակությանը գնահատելու իրավական դաշտի փոփոխությունների և նոր էլեկտրոնային համակարգի իրացումը ընտրողներին բացահայտելու և ընտրակեղծիքները կանխելու համար: Ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, Կոնգրեսի 4 թիմեր այցելեցին մոտ 100 ընտրատեղամաս տարբեր վարչական շրջաններում (Կենտրոն, Նորք-Մարաշ, Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Նոր-Նորք, Էրեբունի, Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Դավթաշեն, Աջափնյակ և Արաբկիր), որտեղ էլեկտրոնային տեխնիկական սարքերը աշխատել են անխափան քվեարկության ամբողջ ընթացքում: Բացի վերոհիշյալ սարքերից, բոլոր ընտրատեղամասերում տեղադրված էին տեսախցիկներ՝ ընտրակեղծիքները, հատկապես բազմակի քվեարկության և ընտանեկան քվեարկության դեպքերը կանխելու, ինչպես նաև ընտրատեղամասերի բացման և քվեաթերթիկների հաշվելու ընթացքի թափանցիկությունն ապահովելու համար: Փոփոխված Ընտրական օրենսգիրքը նախատեսում է նաև քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակում ընտրություններից հետո, քանի որ ընտրացուցակների ճշտությունը համարվում էր երկրի ընտրական համակարգի երկարատև մարտահրավերներից մեկը: Բացի նոր տեխնոլոգիաներից, Կոնգրեսի անդամները նաև գնահատել են տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) անդամների, այդ թվում սարքի մասնագետի աշխատանքը։ Նրանք բոլորը վերապատրաստվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, ինչը դրական է գնահատվել առաքելության կողմից: Ընդհանուր առմամբ, ընտրությունների օրը եղել է հանգիստ և բնականոն, բացառությամբ որոշ միջադեպերի, որոնք մասին զեկուցվել է Կոնգրեսի անդամներին՝ ներառյալ ընտրակաշառքների և կրկնակի քվեարկության վերաբերյալ մեղադրանքները: Փոփոխված Ընտրական օրենսգիրքը և նոր տեխնիկական միջոցները, իհարկե, բարելավել են իրավիճակը տեղամասերի ներսում: Սակայն, ժողովրդավարական համախմբում է անհրաժեշտ նաև տեղամասերից դուրս: Ինչպես ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների, այնպես էլ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ մեր պատվիրակությունը լսեց մեղադրանքներ ընտրակաշառքների և ձայներ գնելու մասին, ինչը համակարգային խնդիր է Հայաստանում: Բացի այդ, կա ճնշում պետական ծառայողների վրա և վարչական ռեսուրսների չարաշահում: Մեր դիտորդների այցելության ժամանակ նկատվել են մարդկանց խմբեր, կուտակումներ ընտրատեղամասերի մոտ, ինչը ստեղծել է վերահսկվող քվեարկության մթնոլորտ: Նույնը վերաբերվում է նաև ընտրողներին ավտոբուսներով ընտրատեղամասեր բերելու փաստին, որը մենք նկատել ենք: Իշխանությունները պետք է լրջորեն վերաբերվեն բոլոր այս հարցերին, որպեսզի բարձրացնեն վստահությունը ընտրությունների և, ընդհանրապես, վարչակազմի նկատմամբ: Այն փաստը, որ կիրակի օրը ընտրողների միայն 40 տոկոսն է մասնակցել ընտրություններին շատ տագնապալի նշան է և ցույց է տալիս քաղաքական ապատիայի բարձր մակարդակը և քաղաքական համակարգի նկատմամբ անվստահությունը: Բարելավված ընտրական ոլորտը և նոր տեխնոլոգիաների կիրառումը ընտրությունների օրը կեղծիքները կանխելու նպատակով շատ ողջունելի է Կոնգրեսի կողմից և մեծացրել է թափանցիկությունը: Այնուամենայնիվ, շատ ավելին է պետք անել ապատիայի և քաղաքական դաշտի նկատմամբ հիասթափության հիմնական պատճառը հասկանալու համար»,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լիիսա Անսալան: Դիտորդական առաքելությունը երևանյան ընտրությունների վերաբերյալ ամփոփիչ զեկույցը կներկայացնի հունիսի 27-ին:

Նմանատիպ նյութեր