Չինական «Խեբեյ Չայնա Ֆորչուն» ակումբի հարձակվող Էսեկիել Լավեսին ներողություն է խնդրել չինացիներից: Մրցաշրջանի մեկնարկից առաջ Չինաստանի լիգան ֆուտբոլիստներին խնդրել էր լուսանկարներ անել՝ տարբեր գովազդային ակցիաների համար:
Լուսանկարներից մեկում Լավեսին աչքերը նեղացրել է, ինչը Չինաստանում ռասիզմի դրսևորում են համարել:
«Լուսանկարիչը մեզ կարգադրություններ տվեց: Ես փորձեցի մի քանի հետաքրքիր լուսանկար անել, զվարճալի տեսք ընդունել:
Բայց մտքովս անգամ չէր անցել չինացի ժողովրդին վիրավորել: Նման մտադրություն չեմ ունեցել: Յուրաքանչյուր չինացի շատ բարեհամբույր է իմ հանդեպ, ինձ դուր է գալիս տեղի կյանքը:
Անկեղծ ներողություն եմ խնդրում, եթե այս լուսանկարը վիրավորել է չինական հանրությանն ու երկրպագուներին: Հետագայում ես ավելի զգույշ կլինեմ», ասել է Լավեսին:
Նշենք, որ Լավեսին ներկայումս համարվում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. նրա տարեկան աշխատավարձը կազմում է 49 միլիոն եվրո: