4525 դիտում
10:42 13-05-2017
Հայերի երկու երրորդը անհրաժեշտ է համարում սերտ համագործակցությունը ԱՄՆ-ի հետ. հարցում. «Ամերիկայի ձայն»
Քրիստոնեությունը հայի ազգային բնորոշման կարևորագույն մասն է, համոզված է Հայաստանի բնակչության 82 տոկոսը: Այս մասին են վկայում անվանի PEW կենտրոնի՝ Եվրասիայում և Արևելյան Եվրոպայում անցկացված հասարակական կարծիքի հարցման [url=http://assets.pewresearch.org/wp-content/uploads/sites/11/2017/05/10104119/CEUP-FULL-REPORT.pdf]արդյունքները[/url]:
Հարցման համաձայն, Հայաստանն առաջին տեղում է Եվրասիայի և Արևելյան Եվրոպայի երկրներից, որի բնակչությունն ասել է, որ քրիստոնեությունը ազգային բնորոշման կարևոր մաս է կազմում: Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են Վրաստանն ու Սերբիան:
Մոլդովան, Հունաստանն ու Հայաստանը նաև Եվրասիայի առավել հավատացյալ երկրներն են: Այստեղ իրենց քրիստոնյա են համարում բնակչության 90 տոկոսը: Հատկանշական է սակայն, որ հույների և մոլդովացիների կարծիքով, 1970-ականների համեմատ իրենց հասարակություններում հավատացյալների թիվը նվազել է, մինչդեռ հայերի մեծ մասը համոզված է, որ վերջին չորս տասնամյակներում Հայաստանի բնակչությունն ավելի հավատացյալ է դարձել:
«Արդյոք հավատում եք դուք Աստծուն» ուղիղ հարցին «այո» է պատասխանել վրացիների 99 տոկոսը, հայերի, մոլդովացիների և ռումինացիների 95 տոկոսը: Առավել քիչ են Աստծուն հավատում Չեխիայում, որտեղ Աստծուն հավատում է բնակչության մեկ երրորդը: Մոլդովայում, Հայաստանում և Ռումինիայում յուրաքանչյուր երկրորդը ամեն օր աղոթում է, մինչդեռ Ռուսաստանում և Հունգարիայում յուրաքանչյուր օր աղոթում է միայն վեց հոգուց մեկը:
Հատկանշական է սակայն, որ իրենց առավել հավատացյալ համարող սերբերի ընդամենը 6, իսկ հայերի ընդամենը 9 տոկոսն է եկեղեցի այցելում յուրաքանչյուր շաբաթ, մինչդեռ Բոսնիայում, Լեհաստանում և Ուկրաինայում ամեն շաբաթ եկեղեցի է այցելում հարցվածների կեսը:
Արևելյան Եվրոպայում և Եվրասիայում իրենց մշակույթը բոլոր մյուսների մշակույթից առավել բարձր են դասում Հունաստանում, Վրաստանում և Հայաստանում: Առավել համեստ են սեփական մշակույթը գնահատում Էստոնիայում, որի բնակչության ընդամենը 23 տոկոսն է կարծում, որ էստոնական մշակույթն աշխարհում լավագույնն է:
Հատկանշական է նաև Ռուսաստանի և խորհրդային անցյալի նկատմամբ վերաբերմունքը: Այսպես, Հայաստանում հարցվածների 79 տոկոսը համարում է, որ Ռուսաստանն աշխարհով մեկ քրիստոնյաների պաշտպանն է, մինչդեռ հենց Ռուսաստանում նման կարծիքի է հարցվածների 72 տոկոսը միայն: Հայաստանն առաջին տեղում է նաև ԽՍՀՄ-ի կողմնակիցների թվում: Այսպես, Հայաստանում հարցվածների 79 տոկոսը համարում է, որ Խորհրդային Միության տապալումը բացասական երևույթ էր, մինչդեռ Ռուսաստանում այդպես է կարծում բնակչության 69 տոկոսը, Բելառուսում՝ 54 տոկոսը, Վրաստանում 42 տոկոսը, իսկ Էստոնիայում 15 տոկոսը միայն: Հարցման համաձայն, Հայաստանի բնակչության 38 տոկոսը նաև դրական է գնահատում Ստալինի դերը:
Խորհրդային Միության կարոտով ապրող հարցված հայերի երկու երրորդը սակայն համարում է, որ անհրաժեշտ է սերտ համագործակցել Արևմուտքի և մասնավորապես՝ Միացյալ Նահանգների հետ, իսկ կեսից ավելին ժողովրդավարական համակարգի կողմնակից են: Համեմատության համար, ժողովրդավարության կողմնակից են նաև վրացիների և ռումինացիների կեսից ավելին, մինչդեռ Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում ժողովրդավարական համակարգի կողմնակից է բնակչության ընդամենը մեկ երրորդը:
Աղբյուրը՝ [url=http://www.amerikayidzayn.com/a/3850017.html]«Ամերիկայի ձայն»[/url]
Նմանատիպ նյութեր
4279 դիտում
10:01 24-04-2018
Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը. ԱՄՆ Պետքարտուղարություն. «Ամերիկայի ձայն»
2941 դիտում
08:55 20-09-2018
ԱՄՆ-ի կառավարությունը Հայաստանի հետ առավել սերտ համագործակցություն է ակնկալում. «Ամերիկայի ձայն»
973 դիտում
17:59 22-02-2023
ԱՄՆ նորանշանակ դեսպանը կարևորում է Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցությունը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը