211652_close_icon
views-count2561 դիտում article-date 20:00 10-05-2017

Հայաստանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման մեջ մեղադրում են ոչ միայն Ադրբեջանին

Հայաստանում շարունակում են քննարկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հարցը: Քաղաքական և հասարակական շրջանակները փորձում են հասկանալ՝ ինչպես ստացվեց, որ Ադրբեջանը կարողացավ վետո դնել գրասենյակի աշխատանքների երկարացման վրա: Ինչպես հայտնել էին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի գրասենյակից, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նախատեսվում է փակել եկող ամիսներին: Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ն այլևս ներկայացված չի լինի, որովհետև Հայաստանը տարածաշրջանում միակ պետությունն է, որտեղ ԵԱՀԿ-ն դեռ ներկայություն ունի: Իսկ գրասենյակի փակման պատճառը՝ մանդատը չերկարաձգելու մասին որոշումն է, որին, ըստ գրասենյակի հայտարարության, դեմ է եղել Ադրբեջանը: Հաղորդագրության համաձայն՝ ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան ու Ավստրիան ջանքեր են գործադրել պահպանելու այս միակ հարթակը տարածաշրջանում, բայց Ադրբեջանը դրան չի համաձայնել: «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի փակվելը մի քայլ է միայն Ադրբեջանի մեծ խաղում, սակայն չմանրամասնեց, թե ինչ քայլեր են, իր կարծիքով, հաջորդելու դրան: Ամեն դեպքում, նա համոզված է, որ գրասենյակի փակվելը Հայաստանին ուղղակի վնաս չի պատճառի, ՀՀ և ԵԱՀԿ համատեղ ծրագրերը կիրականացվեն այլ ուղով: Տեր-Գրիգորյանը կարծում է, որ հայկական կողմը կարող էր ավելին անել, որպեսզի թույլ չտար գրասենյակի փակումը, և դրա համար հարկավոր էր նախապես գործել՝ աստիճանաբար կանխելով սպառնալիքը: «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի գլխավոր տնօրենը ասել է նաև, որ Ռուսաստանն էլ այստեղ իր շահն ուներ. հեռու պահել Հայաստանին միջազգային ցանցից: Իսկ ՀՀ-ն սա չկանխատեսեց, չնայած ՌԴ-ն մինչ այդ փակեց Վրաստանում ԵԱՀԿ գրասենյակը: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Ադրբեջանում պետք է զգան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հետևանքները, իսկ դրա համար հարկավոր է, որ Հայաստանն այսօրվանից պատրաստվի ԵԱՀԿ մյուս վեհաժողովին և հանդես գա Ադրբեջանի «ոչ կոնստրուկտիվ քայլերը» դատապարտող հայտարարությամբ: Ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը ևս մտածում է, որ Հայաստանի և ԵԱՀԿ-ի հարաբերությունները քաղաքական առումով չեն տուժի, բայց համաձայն չէ, որ Հայաստանը ամեն քայլ չի ձեռնարկել գրասենյակի փակումը թույլ չտալու համար: Նրա կարծիքով, «Ադրբեջանը համառել է և գնացել է մինչև վերջ»: [url=https://jam-news.net/?p=36847&lang=hy]JAMnews[/url]

Նմանատիպ նյութեր