Վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ վարչապետը հանձարարականներ տվեց ՏԿԶ նախարարին ու մարզպետներին
Կառավարության նիստին այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր վարչատարածքային բարեփոխումների ծրագրին:
«Բնակիչներին մատուցվող ծառայությունների մեծ մասն ուղղակի կամ անուղղակի կերպով իրականացվում է համայնքային մարմինների կողմից: Վարչատարածքային բարեփոխումներն ուղղված են տեղական իշխանությունների կարողությունները մեծացնելուն և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, որոնց շարունակության և ամբողջ ծավալով իրականացնելը կարևորվել է կառավարության ծրագրում»,- ասաց վարչապետը:
Համայնքների խոշորացումն արդյունավետ իրականացնելու, բնակչությանը ճշգրիտ իրազեկելու նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև հետագա զարգացումն ապահովելու նպատակով Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին հանձնարարեց տասնօրյա ժամկետում ներկայացնել վարչատարածքային փոփոխությունների ծրագրի վերաբերյալ համապատասխան օրենսդրական փաթեթ, երեքամսյա ժամկետում կազմակերպել նշված փաթեթով նախատեսված փոփոխությունները համայնքներում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
«Բացի այդ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում ամփոփել կատարված աշխատանքները և ներկայացնել համապատասխան տեղեկատվություն»,- ասաց վարչապետը: