211652_close_icon
views-count2617 դիտում article-date 17:55 02-05-2017

Ըստ հաղորդման` ՔԿՀ-ի աշխատակիցը պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն է կատարել

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և այն օգտագործելով խարդախություն կատարելու դեպքերի առթիվ նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Վալերիկ Հ.-ի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս հայտնել է, որ 2017 թվականի փետրվարին Արմավիր ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողի պատվերով պատրաստել և նրան է փոխանցել երեք խաչ, յուրաքանչյուրը` 50.000-60.000 դրամ արժողությամբ, սակայն դրանց համար ինքը չի վճարվել: Բացի այդ, Վալերիկ Հ.-ն նույն աշխատակցին տվել է 126.000 հազար ՀՀ դրամ, որպեսզի վերջինս գնի և իրեն փոխանցի Սամսունգ մոդելի բջջային հեռախոս: Սակայն, ըստ դատապարտյալի հաղորդման, ՔԿՀ-ի աշխատակիցը բջջային հեռախոս չի գնել և նշված գումարն էլ մինչ օրս ետ չի վերադարձրել, որի հետևանքով Վալերիկ Հ.-ն հայտնվել է հոգեկան անկայուն վիճակում և դիմել ինքնավնասման` ածելիով կտրել է պարանոցի մի հատվածը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր