211652_close_icon
views-count9295 դիտում article-date 23:13 30-04-2017

Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ ուղերձներ են փոխանակվել

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և դաշնային խորհրդական, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: ՀՀ ԱԳՆ [url=http://www.mfa.am/hy/press-releases/item/2017/04/30/arm_sw/]հաղորդագրության[/url] մեջ ասվում է. «Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ քառորդ դարի ընթացքում երկու պետությունները ձևավորել են գերազանց հարաբերություններ և սերտ համագործակցություն հաստատել տարբեր ոլորտներում։ Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև քաղաքական երկխոսությունն ամրապնդվել է՝ շնորհիվ դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնադրման, բարձրաստիճան բազմաթիվ այցերի, միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում սերտ համագործակցության, ինչպես նաև միջխորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ գործունեության։ Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ Հայաստանը գնահատում է Շվեյցարիայի վճռական և շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծում է Շվեյցարիայի աջակցությունը Հայաստանում իրականցվող զարգացման տարբեր ծրագրերին, ինչպես նաև գոհունակությամբ արձանագրում շվեյցարահայերի կարևոր ներդրումը երկու պետությունների տնտեսական, մշակութային կյանքի և հայ-շվեյցարական բարեկամության զարգացման գործում։ Եզրափակելով ուղերձը՝ Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնում, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունն առավել կամրապնդվեն ապագայում՝ համատեղ ջանքերի շնորհիվ։ Դիդիե Բուրկհալտերն իր ուղերձում ընդգծում է Հայաստանն ու Շվեյցարիան միացնող խորը բարեկամական կապերը և երկու պետությունների միջև համագործակցության նշանակալի զարգացումը վերջին քսանհինգ տարիների ընթացքում: Նա կարևորում է Երևանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության բացումը 2011 թվականին՝ երկու երկրների նախագահների մասնակցությամբ: Շվեյցարիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հատուկ անդրադարձ է կատարում 2016 թվականի փետրվարի 29-ին, ՀՀ ԱԳ նախարարի հետ միասին, երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը։ Դիդիե Բուրկհալտերն անդրադառնում է նաև երկկողմ տնտեսական բնագավառում արձանագրված ձեռքբերումներին՝ նշելով Շվեյցարիայի առաջատար դերը Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրողների շարքում, ինչպես նաև համագործակցությունը գիտահետազոտական բնագավառում։ Նա կարևորում է նաև միջխորհրդարանական համագործակցության, երկկողմ առևտրային հարաբերությունների, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների և հիմնադրամների դերը հայ-շվեյցարական բազմոլորտ հարաբերությունների զարգացման գործում: Դաշնային խորհրդականը նշում է, որ երկկողմ հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, հատկապես տնտեսական և զբոսաշրջության բնագավառում: Միևնույն ժամանակ հույս է հայտնում, որ Հարավային Կովկասում, 2017-2020թթ համար Շվեյցարիայի զարգացման ռազմավարության շրջանակներում իրականացվելիք ծրագրերն առավել կամրապնդեն Հայաստանի հետ գործընկերությունը զարգացման ոլորտում։ Դիդիե Բուրկհալտերը վստահություն է հայտնում, որ 2018 թվականին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը առիթ կընձեռի բացահայտելու Հայաստանի գեղեցկությունը, հարուստ պատմությունն ու լեգենդար հյուրընկալությունը։ Եզրափակելով իր ուղերձը՝ արտաքին գերատեսչության ղեկավարը հայ ժողովրդին Շվեյցարիայի ժողովրդի անունից մաղթում է խաղաղ և բարեկեցիկ ապագա»:

Նմանատիպ նյութեր