211652_close_icon
views-count3499 դիտում article-date 11:07 29-04-2017

Ռազմավարական համբերության քաղաքականությունն ավարտվում է. «Ամերիկայի ձայն»

Հյուսիսային Կորեան միակ պետությունն է, որը 21-րդ դարում միջուկային զենքի փորձարկումներ է կատարել, հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ բացելով Նյու Յորքում Հյուսիսային Կորեայի միջուկային ճգնաժամին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստը. «Ես կոշտ քննադատության եմ ենթարկում Կորեայի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների շարունակական խախտումները»: Խորհրդում նախագահող Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ արեց միջազգային հանրությանը միավորվել՝ Փհենյանի վտանգավոր միջուկային ծրագրին վերջ տալու նպատակով. «Ողջ աշխարհի համար վտանգ հանդիսացող այս հարցում մեր անգործությունն աղետալի հետևանքների կհանգեցնի: Ռազմավարական համբերության քաղաքականությունն ավարտվում է: Հետագայում համբերատարությունը կնշանակի միայն միջուկային զենքի տիրապետող Հյուսիսային Կորեա»: Թիլերսոնը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները խոշոր չափի մարդասիրական օգնություն է ուղարկում Հյուսիսային Կորեա, որից Փհենյանը չի հրաժարվում. 1995-ից ի վեր ԱՄՆ-ից Հյուսիսային Կորեա ավելի քան 2 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն է ուղղվել: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն իր կողմից ընդգծել է, որ վերջին տասնամյակներում Հյուսիսային Կորեայի բնակչությունն ամենածանր փորձությունների է ենթարկվել սեփական կառավարության կողմից. «Լինելով մի երկիր, որն իր քաղաքացիներին հասցրել է ծառերի տերևներով սնվելուն, Փհենյանի վարչակարգը դրա փոխարեն իր ամբողջ ջանքերն ուղղում է միջուկային զենքի և հրթիռների զարգացմանը»: Չինաստանն ու Ռուսաստանը միացել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշի կոչին՝ վերջ դնել Հյուսիսային Կորեայի միջուկա-հրթիռային ծրագրին: «Մենք լավ ենք պատկերացնում մեր հարևանների զգացմունքները, երբ Հյուսիսային Կորեայի տարածքից առանց նախազգուշացման հերթական հրթիռն է օդ բարձրանում», - ասաց ՌԴ փոխարտգործնախարար Գեննադի Գատիլովը: Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին հիշեցրեց, որ ցանկացած ճգնաժամ նաև նոր հնարավորություններ է բացում՝ կոչ անելով խնդիրը լուծել բանակցային ճանապարհով: Սակայն, եթե Մոսկվան և Պեկինը ցանկանում են կարգավորել խնդիրը միայն բանակցային սեղանի շուրջ, Վաշինգտոնում հայտարարում են, որ առաջընթացի բացակայության և Փհենյանի կողմից սադրանքների դեպքում դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցները կարող են լրացվել նաև ռազմական հակազդեցությամբ: Աղբյուրը՝ [url=http://www.amerikayidzayn.com/a/3830290.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր