211652_close_icon
views-count2774 դիտում article-date 14:03 28-04-2017

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էկվադորի դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է լատինաամերիկյան երկրների, այդ թվում՝ Էկվադորի հետ խորացնելու հարաբերությունները և հույս է հայտնել, որ դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան իր փորձառությամբ ու ակտիվ աշխատանքով հայ-էկվադորյան հարաբերությունները կբարձրացնի որակական նոր մակարդակի: Նշելով, որ Լատինական Ամերիկայի երկրների հետ Հայաստանը գլխավորապես կապված է արժեմշակութային թելերով, որը հարյուր հազարավոր հայերի համար անցյալ դարասկզբին հիմք է հանդիսացել Հայոց ցեղասպանությունից փրկվելով՝ ապաստան գտնել այդ երկրներում, Հանրապետության Նախագահը կարևորել է բարեկամական կապերի ամրապնդումն ու միջպետական մակարդակով տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը: Դեսպան վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի զարգացնելու Հայաստանի և Էկվադորի միջև հարաբերությունները և համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հանդիպմանը դեսպանը նաև իր առաջարկներն է ներկայացրել Նախագահին՝ տարբեր ոլորտներում հայ-էկվադորյան փոխգործակցության ներուժը լավագույնս օգտագործելու ուղղությամբ: Զրուցակիցները երկուստեք կարևորել են խորհրդարանական մակարդակով ևս երկու երկրների միջև շփումների ակտիվացումը:

Նմանատիպ նյութեր