211652_close_icon
views-count5019 դիտում article-date 22:38 25-04-2017

Ամփոփվեց Հայաստանում ականների վտանգի իրազեկման աջակցության ծրագիրը

Այսօր՝ ապրիլի 25-ին, Երևանում կայացավ Հայաստանում ականների վտանգի իրազեկման աջակցության ծրագրի ամփոփումը, որին մասնակցում էր ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը: Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք: Ամփոփելով ծրագրի ավարտը՝ դեսպան Է. Տագուչին կարևորեց տվյալ ոլորտում իրազեկվածության բարձրացումն ու առաջնային անելիքները. - Ամբողջ աշխարհում հետպատերազմյան շրջանում չպայթած ականներից հազարավոր մարդիկ են տուժում: Ականային վտանգի մասին խոսելն ու կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը մեծ նշանակություն ունեն ռիսկերի նվազեցման համար: Այս ծրագիրը նպատակ ուներ լայնամասշտաբ իրազեկման միջոցով հանրության ուշադրությունը հրավիրել ականային վտանգին, երեխաներին և ուսանողներին տեղեկություններ հաղորդել ականների մասին: Արդյունքները ցույց են տալիս, որ ծրագիրը հաջողված էր և արդյունավետ,- եզրափակեց դեսպանը: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն ականների վտանգի իրազեկմանն ուղղված աշխատանքները սկսել է 2016 թ. մարտին՝ Ճապոնիայի կառավարության Grant Assistance for Grassroots Human Security Projects (GGP) դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ, որի նպատակն էր իրազեկման միջոցով ապահովել երեխաների, ուսանողների, ինչպես նաև՝ նրանց ուսուցիչների անվտանգությունը: Համապատասխան մասնագետների կողմից մշակվել և տպագրվել է 180 բուկլետ և 7500 թեմատիկ պաստառ, որոնք բաժանվել և փակցվել են ՀՀ բոլոր՝ 1393 դպրոցներում: Այդ պաստառներում ներկայացված են ականային վտանգ պարունակող ՀՀ մարզերի տարածքները և վտանգի առարկաները: Ծրագրի շրջանակում նկարահանվել է նաև մուլտֆիլմ, որի հերոսուհին սովորեցնում է պայթյունավտանգ առարկաների հետ կապված անվտանգության կանոնները: Իրազեկման լայն աշխատանքներ են տարվել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հետ: Ականների վտանգի իրազեկման ծրագիրը վերջին տարիներին Հայաստանում իրագործված առաջին մեծամասշտաբ նախագիծն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր