2809 դիտում
15:27 25-04-2017
Նախագահն ընդունել է Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին Հայաստանում՝ հույս հայտնելով, որ Հնդկաստանի փոխնախագահի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-հնդկական դարավոր բարեկամությանը: Անդրադառնալով հայ-հնդկական պատմական առնչություններին՝ Նախագահ Սարգսյանը նկատել է, որ դեռևս 17-19-րդ դարերում Հնդկաստանում կազմավորված հայկական համայնքներն ակտիվ դերակատարություն են ունեցել Հնդկաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում, այդ թվում՝ Կալկաթայի, որտեղ ծնվել է Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին:
Զրուցակիցները երկուստեք համակարծիք են եղել, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-հնդկական հարաբերություններն ամուր հիմք են միջպետական կապերի ամրապնդման և տարբեր ոլորտներում համագործակցության օրակարգն ընդլայնելու համար: Նախագահ Սերժ Սարգսյանը և Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունները և տարբեր մակարդակներում ակտիվ շփումները, այդ թվում՝ երկու երկրների օրենսդիր մարմինների միջև:
Հնդկաստանի փոխնախագահը հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահին է փոխանցել Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքերջիի ողերձը, որով նա Նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով հրավիրում է Հնդկաստան՝ քննարկելու հայ-հնդկական փոխգործակցության օրակարգն ու հարաբերությունների խորացման հնարավորությունները և հեռանկարը:
Երկկողմ կապերից բացի, հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի իրավիճակին, առկա մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաև միջազգային արդի խնդիրներին:
Նմանատիպ նյութեր
914 դիտում
17:56 24-12-2015
Նախագահն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանին
1463 դիտում
22:42 16-09-2015
Նախագահն ընդունել է Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
289 դիտում
10:43 18-05-2024
«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով