Բայց ո՞վ ասաց, թե ՍԴ-ն կարող է ասել, որ ես հրաժարական տամ. Մամիկոն Ասլանյան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջիկա օրերին Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամները կդիմեն Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ավագանու նիստերի և դրանց որոշումների հակաիրավական լինելը: Այժմ «Լուսավոր Հայաստանի» ավագանու անդամ Քրիստ Մարուքյանն աշխատում է ՍԴ դիմումի վրա: Նշենք, որ ընդդիմությունը նախկինում պնդում էր, որ ապրիլի 10–ից հետո Վանաձորի ավագանու լիազորությունները օրենքով դադարելու են, քանի որ լրանում է 6 ամիսը, ինչ նիստ չի գումարվել, իսկ օրենքով այդ դեպքում դադարում են լիազորությունները:
Անկախ, թե Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի ՀՀԿ–ական քաղաքապետի գործողությունների առթիվ, ավագանու ընդդիմադիր անդամն ասաց, որ օրինական բոլոր լծակներն օգտագործելու են պայքարելու համար: «Օրենքով սահմանված բոլոր լծակները մենք պետք է կիրառենք: Թե ինչի կհասնենք, կտեսնենք իրար հետ միասին»,– ասաց նա՝ հավելելով, որ ՍԴ ներկայացվող հայցադիմումի տեքստն ավարտելուց հետո հարցը կքննարկեն մյուս ընդդիմադիր խմբակցությունների հետ:
Վանաձորի ՀՀԿ–ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մինչդեռ, «Փաստի» հետ զրույցում հայտարարեց, որ եթե անգամ Սահմանադրական դատարանը իրենց նիստերն ու որոշումները ոչ իրավազոր ճանաչի, ինքը հրաժարական չի տա: «Բայց ո՞վ ասաց, որ ՍԴ–ն կարող է ասել, որ ես հրաժարական տամ: Չկա նման բան, դա ոմանց հաճելի մոլորության արդյունքն է: Երազ են տեսել, նման բան իրականության մեջ էսօր գոյություն չունի: Ինչի՞ համար հրաժարական տամ»,– հայտարարեց Ասլանյանը՝ հավելելով. «Որտեղ որ դիմել են, էնտեղ իրենք իրենց պատասխանները կստանան: Ես չեմ ուզում մեկնաբանել: Ես գործել եմ օրենքի տառին համապատասխան, գումարված նիստերն իրավազոր են»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]