211652_close_icon
views-count13816 դիտում article-date 10:33 16-04-2017

Զատիկը խորհրդանշում է անցումը չարից դեպի բարին, պակասությունից դեպի լիություն, անպիտանությունից դեպի պիտանություն. Արցախի թեմի ներկայացուցիչ

Հայ առաքելական եկեղեցին այսօր՝ ապրիլի 16-ին նշում է Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Արցախի թեմի քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի (ՔՔԴԿ) տնօրեն Արթուր սարկավագ Խունոյանն ասել է, որ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատվել, հեռանալ զազիր, անմաքուր ու դժնդակ խորհուրդներից և դառնալ բարու գործակից: «Զատիկ նաև անցարան է նշանակում, որպես հիշատակ հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալու և Կարմիր ծովով անցնելու: Սա խորհրդանշում է անցումը չարից դեպի բարին, պակասությունից դեպի լիություն, անպիտանությունից և չար գործերից՝ դեպի պիտանություն ու առաքինի վարք: Հարության խորհուրդը մեծապատիվ է ու հրաշալի, քանզի գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների,- ասել է Արթուր սարկավագ Խունոյանը և հավելել,- հայ ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է: Կազմակերպվում են զանազան միջոցառումներ, ուխտագնացություններ, բեմականացումներ, նաև բարեգործական ծրագրեր, տոնին եկեղեցիները բազմամարդ են լինում, որով առավել գեղեցկացնում և մեծ շուք են պարգևում առանց այն էլ մարդկության համար մեծագույն և կարևորագույն տոնը»: Քրիստոսի հարությունն, ըստ մեր զրւցակցի, դարձել է քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: «Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Զատկակն սեղաններին պետք է լինի նաև չամչով փլավ, ձուկ, տապակած և հում կանաչեղեն հաց, աղ, ջուր,գինի: Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները»,-մանրամասնել է Արթուր սարկավագ Խունոյան: Առավոտյան բոլոր եկեղեցիներում կատարվելու է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Սբ. Պատարագ: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: [url=http://artsakhpress.am/arm/news/65085/surb-zatki-toni-khorhurdy-meknabanel-e-hae-arcakhi-temi-nerkayacucichy.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր