211652_close_icon
views-count3790 դիտում article-date 18:50 10-04-2017

Փաշիկ Ալավերդյան. Եվրոպայի առաջնությունում դրված խնդիրը կատարվեց

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները Խորվաթիայի Սպլիտ քաղաքից այս գիշեր վերադարձան Երեւան: Նրանք մասնակցում էին Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: ՀԱՕԿ լրատվականը «Զվարթնոց» օդանավակայանում հարցազրույց վարեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ: [b] -Ինչպե՞ս եք գնահատում տղաների եւ աղջիկների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը: [/b] -Գլխավոր խնդիրը կատարված է: Ինչի համար մեկնել էինք, արվեց: Փորձարկեցինք նաեւ երիտասարդ մարզիկների: Ծանրորդները մեդալներ նվաճելու համար օգտագործեցին բոլոր հնարավորությունները: [b]-Ավելին անել հնարավոր չէ՞ր: [/b] -Ոչ: Արվեց առավելագույնը, ինչ պլանավորված էր: [b]-Անդրանիկ Կարապետյանը Ռիոյում ստացած ծանր վնասվածքից հետո առաջին անգամ մասնակցեց մրցման: Ի՞նչ կասեք: [/b] -Նա գերազանց հանդես եկավ: Բոլոր մասնագետներն էին զարմացած, թե նա ինչպես կարողացավ այդպիսի ծանրություններ բարձրացնել: [b] -Մրցավարները հրում վարժությունում Անդրանիկի վերջին մոտեցման 175 կիլոգրամը չհաշվեցին: [/b] -Դա մեր ու Անդրանիկի համար նշանակություն չունեցող հարց է: Կարեւորն այն էր, որպեսզի նա գլխավերեւում զգար այդ ծանրությունները: Կարելի է ասել, Անդրանիկն իր առջեւ դրված խնդիրները լուծեց: [b]-Աղջիկների մասնակցության մասի՞ն ինչ կասեք: [/b] -Սոնա Պողոսյանն ու Տաթեւ Հակոբյանը դեռ երիտասարդ են: Նրանց մասնակցությունից դժգոհ չենք: Կարծում եմ, երկուսն էլ մեծահասակների մեջ դեռ անցնելու ճանապարհ ունեն: [b] -Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում զրո ստացավ՝ չկարողանալով բարձրացնել իր պատվիրած նախնական 87 կիլոգրամը: [/b] -Դա անհաջողություն էր: Սպորտում հաջողությունն ու անհաջողությունը կողք-կողքի են քայլում: Ֆեդերացիայում քննարկում կլինի: Որոշման մասին կտեղեկացնենք: [b] -Որպես ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, անշուշտ, հետեւում էիք Թաիլանդում զուգահեռ ընթացող մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությանը: [/b] -Այո, հետեւում եմ: Ցավոք, գործերը լավ չեն դասավորվում: Այսօր վերջին օրն է, ու երկու մասնակից դեռ ունենք: Պատանեկան օլիմպիական խաղերի՝ պլանավորված վարկանիշեր նվաճելու շանսերը նվազեցին, քանի որ ծանրորդներից մեկը զրո ստացավ: Առաջնությունն այսօր ավարտվում է: Կվերադառնան՝ կվերլուծենք:

Նմանատիպ նյութեր