211652_close_icon
views-count4701 դիտում article-date 17:12 08-04-2017

Այս տարի, եթե կպած, լավ աշխատեք, թեթև արդյունաբերության ոլորտում առնվազն 10000 աշխատատեղ կստեղծեք. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու ՀՀ բնապահպանության նախարարությունների գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքն ու հետագա ծրագրերը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է 2017 թ. համար 5 գերակա խնդրի և 18 միջոցառման կատարման մասին: Մասնավորապես, ներդրումների ներգրավման մասով 2017 թ. սկզբից կազմվել է ներդրումային ծրագրերի ցանկը՝ ըստ կազմակերպությունների և ֆինանսական աղբյուրների, տրամադրվել է պետական աջակցության գործիքակազմ: Տարեսկզբի 53 ծրագրի համեմատ արդեն կա 62 ներդրումային ծրագիր. առաջին եռամսյակի արդյունքներով արդեն ստեղծված է 1800 աշխատատեղ, իրականացված են 65 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ: Նախատեսվում է հստակեցնել այդ ծրագրերի 2018 և 2019 թթ. իրականացվելիք մասնաբաժինները՝ ըստ արդյունքների, դասակարգել ըստ ստեղծվելիք աշխատատեղերի, ներդրումների ծավալի, իրացման շրջանառության ավելացման չափի և այլն: Անդրադառնալով մարզային ներդրումային ծրագրերին՝ Սուրեն Կարայանը նշել է, որ հավանության է արժանացել 11 ծրագիր, որից 4-ը ֆինանսավորվել են, իսկ մնացածի մասով աշխատանքները շարունակվում են: Մանրամասներ են ներկայացվել նաև ներդրումային ֆոնդերի գործունեության կազմակերպման վերաբերյալ: Վարչապետ Կարապետյանը Սուրեն Կարայանից հետաքրքրվել է, թե որքան աշխատատեղ է նախատեսվում ստեղծել 2017 թվականին, և որքան ներդրում է դա պահանջում: Ի պատասխան նախարարը նշել է, որ միայն հաստատված ծրագրերի մասով նախատեսվում է ստեղծել մոտ 7500 աշխատատեղ՝ 460 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ներդրումային արժեքով: Կառավարության ղեկավարը հատկապես կարևորել է թեթև արդյունաբերության զարգացմանն ուղղված հստակ ծրագրերի նախաձեռնումը՝ հանձնարարելով վերլուծություն ներկայացնել այս ոլորտում հնարավոր աշխատատեղերի ստեղծման և ներդրումների ծավալի վերաբերյալ: «Այս տարի, եթե կպած, լավ աշխատեք, թեթև արդյունաբերության ոլորտում առնվազն 10000 աշխատատեղ կստեղծեք՝ առանց այդ 7500 աշխատատեղի և 460 մլն ԱՄՆ դոլարի», - շեշտել է վարչապետը: Սուրեն Կարայանը Կարեն Կարապետյանին մանրամասներ է ներկայացրել նաև Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ստորագրել պայմանագիրը, և արդեն սկսվել է նախագծերի շուրջ աշխատանքների իրականացումը: Քննարկվել են նաև ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու և մյուս գերակա խնդիրների ուղղությամբ կատարվող միջոցառումները: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է 2017 թ. համար նախատեսված 8 գերակա խնդրի և 6 միջոցառման կատարման ընթացքը: Անդրադառնալով Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման աշխատանքներին՝ նախարարը զեկուցել է, որ սահմանված գործողությունների իրականացմամբ այս տարի նախատեսվում է 1.6 մլրդ խմ օգտագործվող ստորերկրյա ջրերի ծավալը նվազեցնել 570 մլն խմ չափով, հասցնել մինչև 1.1 մլրդ խմ վերականգնվող պաշարին, որն այսօր փաստացի ամրագրված է օրենքով: Բայց թիրախն այդ ծավալը մինչև 800 մլն խմ իջեցնելն է՝ վերականգնումն ավելի առանցիկ տեմպերով իրականացնելու համար: Դա, նախարարի խոսքով, բերելու է նաև ձկնաբուծական տնտեսություններում և մյուս ոլորտներում ջրառաջարկի հայտերի վերանայմանն ու ջրօգտագործման թույլտվությունների փոփոխմանը: Վարչապետը հետաքրքրվել է բնապահպանության ոլորտի ներդրումային ծրագրերի ուղղությամբ կատարվող աշխատանքներից: Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ այս պահի դրությամբ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն է ներկայացվել 25 նախագիծ, այդ թվում՝ Գառնու ճոպանուղու, «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագրերը։ Կառավարության ղեկավարը, ամփոփելով խորհրդակցությունը, հանձնարարել է նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին՝ վերլուծել առաջին եռամսյակի համար նախատեսված գերակա խնդիրները, միջոցառումները, ներդրումային ծրագրերը: «Յուրաքանչյուր նախարարությունից, գերատեսչությունից սպասում ենք նաև 5 տարվա ծրագիր՝ հատուկ ուշադրություն դարձնելով 2017 թվականին, որպեսզի բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվեն, և նորմալ հիմք ստեղծենք 2018 թվականի համար», - ասել է վարչապետը: Անդրադառնալով ՀՀ կառավարության վերջին նիստում տրված հանձնարարականներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ հաջորդ շաբաթվանից նախարարություններն ու գերատեսչությունները պետք է սկսեն հաշվետվություն ներկայացնել 6-ամսյա գործունեության վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր