Մոսկվայում անառաջնորդ ցույցեր են անցկացվում. ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ
Մոսկվայի կենտրոնում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 29 ցուցարարի: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39472617]BBC[/url]-ն:
Ցույցի մասնակիցները փորձել են Տվերսկայա փողոցով հասնել Կրեմլ: Ոստիկանությունը ստիպված է եղել արգելափակել տեղաշարժը Ստարոպիմենովյան նրբանցքի մոտ և մի քանի տասնյակ մարդ ձերբակալել:
Աղբյուրի հաղորդմամբ` Տրիումֆալնայա հրապարակի մոտակայքում ուժեղացվել են անվտանգության միջոցները: Իրավապահ մարմինների աշխատակիցները բարձրախոսների միջոցով ցուցարարներին կոչ են անում լքել տարածքը, ինչպես նաև հետ են մղում նրանց երթևեկելի մասից:
Նշվում է, որ Մանեժնայա հրապարակում ձերբակալվել է ևս 7 ցուցարար: Երիտասարդները գտնվում են մոտակայքում կայանած ոստիկանական ավտոբուսում:
Ցուցարարներն այս անգամ փողոցներ էին դուրս եկել առանց առաջնորդների: «Բաց Ռուսաստան» շարժման ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ «այսօրվա ցույցերը իշխանությունների սադրանքն են»: Ընդդիմության մեկ այլ առաջնորդ Ալեքսեյ Նավալնին նույնպես հայտարարել է, որ առնչություն չունի այսօրվա ցույցի հետ, որովհետև նա մարտի 26-ից ձերբակալված է և գտնվում է վարչական կալանքի տակ: