211652_close_icon

Կառավարություը չունի սնանկության վարույթին իրավաչափ միջամտելու գործիքակազմ. վարչապետ

views-count3671 դիտում article-date 12:36 30-03-2017
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ մարզային այցելությունների ժամանակ քաղաքացիների բարձրացրած խնդիրներին՝ մասնավորապես սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացմանը: «Բազմաթիվ տեղեր սնանկ ձեռնարկությունների աշխատակիցները մեր առաջ բարձրացրել են հարցեր՝ մարզային այցելությունների ընթացքում, ինչպես նաև ՀՀ աշխատակազմ հասցեագրված բազմաթիվ դիմում-բողոքներ կան, որոնք վերաբերում են սնանկության գործերով կառավարիչների գործունեությանը: Այս հարցի լիարժեք լուծումը առավել մեծ կարևորություն ունի նաև այն առումով, որ գործադիր իշխանությունը չունի սնանկության վարույթի վրա իրավաչափ միջամտելու և քաղաքացիների իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու գործիքակազմ»,- ասաց Կարեն Կարապետյանը և հանձնարարեց ՀՀ արդարադատության նախարարին եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել թվարկված խնդիրների վերացման, ինչպես նաև սնանկության գործերով իրականացվող վարույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություն: «Տիկի՛ն Հովհաննիսյան, կխնդրեմ Ձեզ, որպեսզի այս հանձնարարականը կատարելու ընթացքում մենք կարողանանք բերել որոշակի կանխարգելիչ միջոցառումներ, սնանկության հասնելուց առաջ մենք դա կարողանանք տիրապետել, որպեսզի այդ վիճակին չգանք հասնենք, որովհետև երբ հասնում ենք այդ վիճակին, մենք դրա վրա ազդելու հնարավորություն պրակտիկորեն չունենք»,- ասաց նա: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախորդ օրենսդրական փոփոխությամբ նման գաղափար իրագործել են, խոսքը վերաբերում է սնանկության վտանգին, որ մինչև սնանկության գործընթաց սկսելը նման քայլեր ձեռնարկենք և ներազդենք: «Ձեր հանձնարարականը հաշվի առնելով՝ լրացուցիչ գործիքակազմեր ևս հաշվի կառնենք, որ այդ պրոցեսը սահուն և հարթ լինի»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր