Մասնակցություն «Բարեկամություն առանց սահմանների» փառատոնին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարտի 16-ին Ռուսաստանի տուրիզմի եւ սերվիսի պետական համալսարանում մեծ շուքով, տարաբնույթ միջոցառումներով, պարգևների հանձմամբ ու տոնական համերգով տեղի ունեցավ «Բարեկամություն առանց սահմանների» փառատոնը:
Տասնամյա պատմություն ունեցող փառատոնին մասնակցում էին ոչ միայն Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի ուսանողները, այլև այլ բուհերի և ազգամշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱՊՀ երկրների հայկական երիտասարդական կազմակերպություններ:
Բուհի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր «Ազգային խոհանոցի ու ավանդական ճաշատեսկների» ցուցադրություն։ Փառատոնը շարունակվեց տոնական համերգով՝ հյուրերի, բուհի դասախոսական անձնակազմի և ուսանողների համար։
Մասնակիցները ներկայացրեցին համերգային ծրագիր՝ ազգային երաժշտությամբ, երգ ու պարով, պոեզիայով։
Արդեն երեք տարի փառատոնին Հայաստանը ներկայացնում են "Արգիշտ" հայ համայնքի ժողովրդական գործիքների ուսուցիչ Ավետիս Մանուկյանը և «Արգիշտ» պարային համույթը, ինչպես նաև իրենց վառ կատարումներով աչքի էին ընկնում բուհի հայ ուսանողները։
«Այսպիսի փառատոններում երկիր, հայրենիք ներկայացնելը մեծ ոգևորություն է առաջացնում, ներքուստ հպարտություն ես զգում: Մենք այսօր բոլոր ազգերից տաբերվեցինք նրանով, որ լինելով աշխարհի ամենահին ազգերից մեկը, 15 րոպեում ներկայացրեցինք մեր ամբողջ ազգի անցյալ և ներկա մշակույթը»,- նշեցին «Արգիշտ» պարային համույթի ներկայացուցիչները և հավելեցին. «Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն»:
Ազնիվ Պարոնյան