211652_close_icon
views-count1933 դիտում article-date 15:59 13-03-2017

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին. կբարձրացվի սահմանամերձ համայնքների աղետակայունությունը

Մարտի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները, մասնավորապես՝ բնական և մարդածին աղետներից բնակչության խոցելիության նվազեցման և պատրաստվածության բարձրացման ծրագրերը, ինչպես նաև՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում արտակարգ իրավիճակներին բնակչության պատրաստվածությանն ուղղված միջոցառումները: Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ օժանդակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում մանկապարտեզների և դպրոցների համար «ապահով սենյակների» կառուցման չափանիշների համալրման հարցում: Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորեց սահմանամերձ գյուղերի ԱԻՆ հենակետերում ծառայող փրկարարների ունակությունների ընդլայնումն առաջին բուժօգնության տրամադրման և հագեցման գործընթացում, ինչի համար էլ կազմակերպության հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց տեղում կատարելագործման դասընթացներ և գործնական պարապմունքներ կազմակերպելու շուրջ: Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ ԱԻՆ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի համատեղ աշխատանքներն իրականացնել տարեկան համագործակցության պլանների ձևաչափով:

Նմանատիպ նյութեր