ԱՄՆ օդուժը Եմենում ոչնչացրել է «Ալ Կաիդա»-ի առաջնորդներից մեկին
«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը Եմենում ոչնչացվել է ԱՄՆ ավիահարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով NBC գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սպանվածը Ուսամա Հայդարն է, ով անօդաչուի կամ օդանավի ավիահարվածի պահին մի քանի մարդկանց հետ մեքենայի մեջ է եղել:
Նշվում է, որ Հայդարը Արաբական թերակղզում «Ալ Կաիդայի» առաջնորդներից մեկն էր, ով մասնակցել է Սաուդյան Արաբիայի զորքերի դեմ մարտերին:
Ինչպես հայտնում են Պենտագոնից, ԱՄՆ օդուժը վերջին օրերին բազմաթիվ ավիահարվածներ է հասցրել ահաբեկիչների ուղղությամբ Եմենում՝ կանխելով նոր ահաբեկչական հարձակումների պլանավորումը: