Շրջանառության մեջ է դրվել «Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը» թեմայով մեկ նամականիշ
Գեղագիտության ազգային կենտրոնում մարտի 3-ին հանդիսավոր մարվեց և փոստային շրջանառության մեջ դրվեց «Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը» թեմայով մեկ նամականիշ:
Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը:
Խոսելով Հայաստանում գործարարության ավանդույթների և զարգացման մասին՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ այս տարի առաջին անգամ Մանթաշյանի ծննդյան օրը՝ մարտի 3-ը, նշվում է որպես հայ գործարարի օր։ «Այդ առիթով Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդին նախարարության կողմից առաջարկություն եղավ՝ Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակի առթիվ թողարկել նամականիշ»,- նշեց նախարարը։
20-րդ դարասկզբի խոշոր նավթարդյունաբերող, հայ նշանավոր գործարար, բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանի պատկերով փոստային նամականիշը ձևավորված է հին թղթադրամի տեսքով: Նամականիշի խորապատկերին ներկայացված են Ալեքսանդր Մանթաշյանի միջոցներով կառուցված Փարիզի Ելիսեյան դաշտերում գտնվող հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և Թիֆլիսի հայ արտիստների միության շենքի ճակատային մասը, որն այսօր Թբիլիսիի ակադեմիական թատրոնի շենքն է։
Փոստային նամականիշն ունի 380 դրամ անվանական արժեք: Նամականիշի հեղինակն է Վահագն Մկրտչյանը: Նամականիշի չափսերն են՝ 50,0 x 40,0 մմ, տպաքանակը՝ 40 000 հատ։ Տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպարանում։
[img]http://shamshyan.com/ups/images/0176034001488532974613674.jpg[/img]