Վարչապետը հանձնարարեց պարզեցնել բնապահպանական վճարումների ընթացակարգերը
ՀՀ Կառավարության նիստին այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց պարզեցնել բնապահպանական վճարումների ընթացակարգերը:
«Բնապահպանական վճարների հիմնական մասը վերաբերում է խոշոր աղտոտողներին, թղթաբանությունը, հաշվետվությունների վերաբերյալ փաստաթղթերը նույն են բոլոր աղտոտողների համար: Արդյունքում չունենալով աղտոտման և վճարողների մեծ ծավալներ, փոքր ծավալների աղտոտողները զգալի ժամանակ ռեսուրսներ են ծախսում նախագծերի ուսումնասիրությունների և հաշվետվությունների համար»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ բացի այդ, լիազոր մարմինները զգալի աշխատանքային և այլ ռեսուրսներ են ծախսում վերջինների հսկողության, տեղեկատվության ամփոփման և հավաքագրման համար:
«Այդ նպատակով հանձնարարում եմ ՀՀ բնապահպանության նախարարին երկու ամսյա ժամկետում ուսումնասիրել բնապահպանական վճար վճարողների կառուցվածքը, տարանջատել փոքրածավալ և նրանց վտանգավորությունը ներկայացնող աղտոտողներին, մշակել պարզեցված ընթացակարգեր բնապահպանական վճարների վճարման, նախագծերի և հաշվետվությունների համար»,-հանձնարարեց վարչապետը: