Հայաստանում ներդրվում են ազդարարման նոր թվային համակարգեր
ՀՀ ԱԻ նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ, իրականացնում է Աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման ծրագիր: Դրա համաձայն՝ Երևանի փոքր կենտրոնում, Կապան, Ստեփանավան, Դիլիջան քաղաքներում, Դիլիջանի խոշորացված մյուս բնակավայրերում՝ Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան և Հովք, ինչպես նաև Սյունիքի մարզի Սյունիք համայնքում ներակայումս տեղադրվում է ազդարարման 22 սարքավորում, որոնք միացվում են ՀՀ ԱԻՆ ազդարարման կենտրոնական կառավարման համակարգին: Դա նախարարությունում գործող փակ ցանց է, որով կառավարվում են ՀՀ-ում տեղադրված բոլոր վերջակետային ազդարարման սարքավորումները:
- Ունենք ազդարարման կառավարման եռաստիճան համակարգ՝ առաջինը հանրապետական, երկրորդը՝ մարզային (որոշ դեպքերում` համայնքային կառավարման) և երրորդը` հատուկ կարևորագույն օբյեկտների կառավարման համակարգ: Անհրաժեշտ գույքը մատակարարված է, և ներկայումս նախարարությունն իրականացնում է սարքավորումների տեղակայման, փորձարկման և դրանց ընդհանուր ցանցի մեջ ներդրման աշխատանքները,- նշեց ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Սմբատ Պետրոսյանը:
Խորհրդային տարիներին հանրապետությունում կառավարման ազդարարման համակարգերը տեղադրված են եղել նախկին վարչական շրջանների փոստային հանգույցներում, իսկ հանրապետականը՝ Երևանի փոստային հանգույցում.
- Դրանք ստեղծված էին պղնձալարային հենքի վրա: Կարելի է ասել` պղնձալարային տնտեսությունն իսպառ վերացել է, տեխնոլոգիաները զարգացել, և խնդիր է դրվել դրանք փոխարինել թվային համակարգով: Այժմ վերջնակետային սարքավորումներին վերագրվում են թվային հասցեներ (TCP/IP) և դրանք հատուկ ցանցի (հիբրիդային) լարային ու անլար կապուղիներով միացվում են ԱԻՆ գերատեսչական, օպտիկական հենքի վրա ստեղծված ցանցին,- տեղեկացրեց Ս. Պետրոսյանը:
[b]ՀՀ ԱԻՆ[/b]