ՀՀ ՊՆ-ն հրապարակել է շփման գծում ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական անգամ հարձակում կատարելով Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա կորուստներ է կրել և հետ շպրտվել:
Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում և ապատեղեկատվություն տարածում: Անցած գիշերվա կորուստներից հետո կրկին ապակողմնորոշելով սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը, ադրբեջանական ղեկավարությունը խոսում է հայկական կողմի «հարձակումների» մասին:
Հայկական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը և կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից: Շփման գծում իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարություն»։
Այդ առնչությամբ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը: Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Ակնի (Աղդամի) ուղղությամբ: Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները»։