211652_close_icon
views-count3645 դիտում article-date 16:29 25-02-2017

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը պահպանում և զարգացնում է մեր մշակութային գանձերը

Փետրվարի 24-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի՝ Հարո Ստեփանյան-ֆեստի շրջանակներում կայացավ կամերային երաժշտության հերթական երեկոն։ Ինչպես փառատոնային բոլոր համերգներին, փետրվարի 24-ին նույնպես հնչեցին Հարո Ստեփանյանի ստեղծագործությունները՝ 4 պիես ֆլեյտայի և դաշնամուրի համար և Տրիո-էլեգիա ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար։ Երկու ստեղծագործություններն էլ պրեմիերաներ էին։ Երեկոյի ընթացքում կատարվեցին նաև Աշոտ Զոհրաբյանի, Սերգեյ Ումրոյանի, Հարություն Դելլալյանի, Ժիրայր Շահրիմանյանի ստեղծագործությունները։ Ելույթ ունեցան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլ Սարյանի անվան լարային քառյակը՝ Էրիկ Մանուկյան (առաջին ջութակ), Անի Ադիկյան (երկրորդ ջութակ), Ելենա Հայրապետյան (ալտ), Դավիթ Պիչիկյան (թավջութակ) կազմով, ինչպես նաև՝ դաշնակահարներ Շողեր Հովեյանը, Շողակաթ Վարդանյանը։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանը, խոսելով Հարո Ստեփանյանի մասին, նշում է, որ նա նշանակալի ավանդ է ունեցել ազգային մշակույթի զարգացման գործում, ստեղծել է բազմաժանր գործեր, այդ թվում՝ 5 օպերա, երեք սիմֆոնիա, օրատորիա, կվարտետներ, կամերային-գործիքային, վոկալ ստեղծագործություններ, ավելի քան 120 երգ և ռոմանս։ 1938-48թթ. Հարո Ստեփանյանը ՀԽՍՀ կոմպոզիտորների միության նախագահն էր, հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, կոնսերվատորիայի դոցենտ, արժանացել է պետական մրցանակների, ունի մշակույթի վաստակավոր գործչի կոչում, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ է և այլն։ Հետագայում նրա երաժշտությունը սկսել է ավելի ու ավելի ուշ հնչել, այդ պատճառով կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանին նվիրված փառատոնին հնչող նրա ստեղծագործությունները դարձել են երևույթ, նրա անմահ տաղանդի ճանաչում և նրա երբեմնի փառքի վերականգնում։ Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ձայնագրում, թվայնացնում է մեր մշակութային գանձերը՝ նպաստելով դրանց պահպանմանն ու զարգացմանը։ Հիշեցնենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը։

Նմանատիպ նյութեր