211652_close_icon
views-count2285 դիտում article-date 19:50 23-02-2017

Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ

Առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո վարչապետեր Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Ստորև ներկայացվում է Հայաստանի և Վրաստանի վարչապետերի հայտարարությունների տեքստն ամբողջությամբ. [b]Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի [/b]– Ջերմորեն ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ բարեկամ Կարեն Կարապետյանին: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցանք քննարկել մի շարք հարցեր մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ: Մենք կկարողանանք ձևավորված հարաբերություններով նշանակալի ներդրում ունենալ Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական կապերի հետագա զարգացման ուղղությամբ: Մենք պատրաստակամություն ենք հայտնել շարունակել կանոնավոր հանդիպումները բարձր մակարդակով և նպաստել սերտ համագործակցությունը երկու երկրների տարբեր ոլորտներ ներկայացնող գերատեսչությունների հետ: Վրաստանի համար Հայաստանը հանդիսանում է մի պետություն, որի հետ մեզ կապում են բարիդրացիական դարավոր ավանդույթները, իսկ 2017 թվականը կարևորվում է նրանով, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարին: Այս ընթացքում մենք կարողացել ենք ամրապնդել երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները և կառուցել փոխշահավետ համագործակցություն: Ընթացիկ տարվա ապրիլին Հայաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ և մենք համոզված ենք, որ դրանք կանցնեն բարձր մակարդակով՝ միջազգային չափորոշիչներին և ժողովրդավարական արժեքներին համապատասխան: Հանդիպմանը քննարկել ենք երկու երկրների միջև համագործակցության հիմնական ուղղությունները՝ ինչպես առևտրատնտեսական ոլորտում առկա վիճակը, այնպես էլ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Քննարկել ենք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներին վերաբերող կարևորագույն հարցեր: Հանդիպմանն առանձնահատուկ անդրադարձել ենք տարածաշրջանում առկա մարտահրավերներին և ընդգծել, որ խաղաղության ու կայունության պահպանումն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկրների զարգացման գործում: ՀՀ վարչապետն ուներ շատ հետաքրքիր առաջարկներ՝ մեր երկրների միջև տարբեր բնագավառներում համատեղ շուկայի ներուժի իրացման ուղղությամբ: Մենք այս հարցում ակտիվորեն աշխատելու պատրաստակամություն հայտնեցինք և խրախուսելու ենք մասնավոր հատվածին, որպեսզի ամբողջությամբ օգտագործեն տարածաշրջանային կոոպերացիայի ներուժը: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը Վրաստան այցելելու համար: Կարծում եմ, որ այս պաշտոնական այցը կլինի նոր խթան երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ: Շնորհակալություն: [b]ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան[/b] – Շնորհակալ եմ հարգելի վարչապետ: Ցանկանում եմ մեր պատվիրակության անունից շնորհակալություն հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար, ջերմ՝ բոլոր առումներով, և՛ առարկայական զրույցի, և՛ արևոտ եղանակի: Ինչպես նշեց իմ գործընկերը, եղել է շատ առարկայական զրույց բոլոր այն ոլորտների վերաբերյալ, որոնք հետաքրքիր են երկու երկրներին: Մենք պայմանավորվել ենք նոր լիցք տալ այդ բոլոր ուղղություններին: Խոսել ենք տարածաշրջանային կոոպերացիայի նոր մոտեցման մասին, և վստահ եմ, որ այստեղ մենք ունենք մեծ ներուժ: Մենք շահագրգռված ենք, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստանը դիտարկեն այնպիսի երկիր, որտեղ կարող են ներդրում կատարել և հյուրընկալվել որպես զբոսաշրջիկ: Վրաստանի վարչապետի հետ պայմանավորվել ենք այդ ուղղությամբ առաջ շարժվել: Ավելին, մեր գործընկերներն ունեն հստակ հանձնարարականներ՝ կազմակերպել «բաց օր» Վրաստանի այն բոլոր բիզնեսմենների համար, ովքեր ունեն հայկական և հարակից շուկաներում գործելու հետաքրքրություն: Օգտվելով առիթից, կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և պատիվ ունեմ պաշտոնական այցով իմ գործընկերոջը հրավիրել Երևան՝ իրեն հարմար ժամանակ, որպեսզի այն նոր ներուժը, որն այսօր դրվում է մեր հարաբերությունների հիմքում՝ կարողանանք զարգացնել: Համոզված եմ, որ ունենք շատ հետաքրքիր հնարավորություններ:

Նմանատիպ նյութեր