1488 դիտում
22:22 23-02-2017
Կրթությունը չի կարող լինել որակյալ առանց սովորեցնող գնահատման. ԿԳ նախարար
Գնահատումը պետք է լինի սովորեցնող. այսպիսն է «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով աշխատաժողովի առաջնային ուղերձը:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կրթության որակի շաբաթվա շրջանակներում այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց գնահատման համակարգի բարելավմանը նվիրված երկօրյա համաժողովը:
Միջոցառումը մեկնարկեց անակնկալով. ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Շվեյցարիայի հավատարմագրման և որակի ապահովման գործակալության նախագահ, Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) խորհրդի անդամ Քրիստոֆ Գրոլիմունդը հայտարարեց, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը դարձել է ENQA լիիրավ անդամ: Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որ անդամակցում է ENQA-ին:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհավորելով ՈԱԱԿ-ին և կրթական համակարգի ներկայացուցիչներին ENQA անդամակցության առթիվ, նշեց. «Փոքր երկրները կարող են իրենց կրթությունը զարգացնել միմիայն մեծ քաղաքակրթական դաշտում: Եվ անդամակցությունը եվրոպական կառույցին նաև վստահության քվե է այն գործընթացներին, որ այսօր տեղի են ունենում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում»:
Նախարարը կարևորեց նաև առաջիկայում սպասվող ծրագրային հավատարմագրումը՝ նշելով. «Չի կարող լինել ինստիտուցիոնալ հավատարմագրում առանց ծրագրային հավատարմագրման: Այն շատ կարևոր է և ուղղակիորեն առնչվում է որակին»:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, խոսելով ENQA-ին անդամակցության մասին, նշեց, թե անդամակցությունը նաև նշանակում է, որ Հայաստանում կարելի է դնել այդպիսի հավակնոտ նպատակներ և հասնել դրան:
Անդրադառնալով կոնֆերանսի թեմայի ընտրությանը՝ պարոն Թոփչյանը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել՝ ուսանողը վճարում է, որ իրեն գնահատեն և դրա արդյունքում ինքը սովորի: «Կոնֆերանսի նպատակներից է ամրապնդել սովորեցնող գնահատման մշակույթը մեր կրթական համակարգում»,- ասում է նա:
Պարոն Թոփչյանի խոսքով՝ շահակիցների քննարկումները կօգնեն բուհերին նախապատրաստվել նաև առաջիկա կլաստերային աուդիտին. «Դա ամենածանր չափանիշներից է, ըստ որի բուհը պետք է հավաստի, որ իր գնահատումը սովորեցնող է»:
ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորեց համաժողովը սպասվող կրթական բարեփոխումների համատեքստում: Նրա խոսքով՝ հայաստանյան կրթական համակարգի հետագա զարգացման տեսանկյունից կարևոր է մի շարք բարեփոխումների իրականացումը, օրինակ՝ բուհերի դասախոսական կազմում պետք է ընդգրկված լինեն թե հետազոտող մասնագետներ, թե գործատուներ, պետք է ներդրվի դասավանդման և ուսումնառության որակի հարցումային համակարգ, ինչպես նաև գրագողության հանդեպ անհանդուրժող քաղաքականություն է պետք որդեգրել:
Պարոն Ավետիքյանը կարևորեց նաև ֆակուլտետների ինքնավարության բարձրացումը, արտերկրում սովորած տաղանդավոր մասնագետների ներգրավումը հայաստանյան բուհական համակարգում:
Նմանատիպ նյութեր
1189 դիտում
14:31 14-04-2016
Որակյալ կրթությունը կարևորագույն խնդիրների լուծման միջոց. Լ Մկրտչյան
2076 դիտում
23:11 11-08-2019
Արայիկ Հարությունյան. Սահմանամերձ բնակավայրերում որակյալ կրթությունը կարևոր է ու առաջնահերթ
Այս բաժնից
583 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
505 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ