«ԳրաԲուս» ծրագիրը մեկնարկել է
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և Հայաստանի մշակութային հիմնադրամը` Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ընթերցողների համար պատրաստել են լավագույն նվերը. փետրվարի 19-ին` կեսօրից մինչև երեկո, Հայաստանի առաջին շարժական գրախանութը` «ԳրաԲուսը» կշրջի Երևանի համայնքներում և ներկայացված բոլոր գրքերը կվաճառի 30% զեղչով: Գրքերը վաճառում են մշակույթի և գրականության ոլորտների սիրված և ճանաչված գործիչներ:
Փետրվարի 19-ին` ժամը 12:00-ին, Ազատության հրապարակում բացվեցին Հայաստանում առաջին շարժական գրախանութի՝ մշակույթի նախարարության «ԳրաԲուսի» դռները, իսկ առաջին գրավաճառը նախարար Արմեն Ամիրյանն էր: Թերևս, առաջին գրավաճառը, ով հասցրեց ոչ միայն վաճառել, այլև հավատարիմ օրվա խորհրդին` գրքեր նվիրել /ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված գրքերը/:
«Շատ դժվար գործ է. պետք է հասկանաս, թե գրախանութ այցելած մարդն ինչ նախասիրություններ ունի, և ինչ առաջարկես: Ճիշտ է, ոմանք հստակ ցուցակով էին եկել, բայց ոմանք սպասում էին մեր առաջարկին»,-ժամանակավոր գործը կատարելուց և գրախանութ-ավտոբուսից իջնելուց հետո լրագրողներին պատմեց նախարարը:
Արմեն Ամիրյանն ավելացրեց, որ տարբեր տեսակի աջակցությունների շնորհիվ նման շարժական գրախանութներ է ուզում ունենալ նախարարությունը՝ մայրաքաղաքի և մարզերի համար։ Իսկ «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում մարզերում շրջող շարժական կինոթատրոններում կառաջարկվեն նաև գրքեր կարդալ`վերադարձնելու, զեղչով գնելու, ինչու՞ չէ նաև անվճար:
Իսկ առայժմ միակ «ԳրաԲուսը» Երևանի տարբեր թաղամասերում շրջելուց հետո իր երթն այսօր կավարտի Հյուսիսային պողոտայում: