211652_close_icon
views-count20854 դիտում article-date 22:38 17-02-2017

Կարծիքները, որ գերմանացիները մարդկային դիակներից օճառ են պատրաստել, ապացուցվեց միայն 21-րդ դարում

Կարծիքները, որ գերմանացիները մարդկային դիակներից օճառ են պատրաստել, ի դերև են ելել դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Անգլիական Թայմս պարբերականը 1917 թվականի ապրիլին հայտարարեց, որ գերմանացիներն իրենց զինվորների դիակներով օճառ և այլ արտադրանք են պատրաստում։ 1925 թվականին Միացյալ Թագավորության վարչապետը այս հայտարարությունը որակեց կեղծիք։ Շշուկներն այն մասին, որ Գերմանիայում կրկին օճառ են պատրաստում մարդկանց դիակներից, հայտնվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին։ Այստեղ արտադրված օճառների փաթեթի վրա գրված էր «RJF» հապավումը, որը վերծանվում էր որպես «Reines Jüdisches Fett» («մաքուր հրեական ճարպ»)։ Իրականում այն նշանակում էր «Reichsstelle für industrielle Fettversorgung» (Արդյունաբերական ճարպի մատակարարման պետական կառավարում)։ Ավելի ուշ, պրոֆեսոր Ռուդոլֆ Շպանները բանտարկյալների դիակներից արտադրեց 100 կիլոգրամ օճառ։ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ այս մասին հայտնել են ինստիտուտում այդ նախագծի վրա աշխատող անձինք։ 1945 թվականի մայիսի 28-ին Զիգմունդ Մազուրը հարցաքննության ժամանակ հայտնեց, որ աշխատել է այդ անատոմիական ինստիտուտում որպես պրեպարատոր՝ պատրաստուկագործ։ Դիակներն այնտեղ տեղափոխվել են Քյոնիգսբերգի և Դանցիգի բանտերից։ Ըստ բաղադրատոմսի օճառ ստանալու համար հարկավոր էր. 5 կգ մարդկային ճարպ, 10 լիտր ջուր և 500-1000 գրամ նատրիումի հիդրօքսիդ՝ կաուստիկ սոդա։ Այս ամենը եփում էին 2-ից 3 ժամ։ Սառելուց հետո օճառը բարձրանում էր մակերևույթ։ Այդ խառնուրդին ավելացնում էին սոդա, աղ, թարմ ջուր և կրկին եփում էին։ Օճառն ուներ անդուր հոտ, որի վերացման համար օգտագործում էին բենզալդեհիդ։ Մազուրը հայտնում էր, որ իր կարիքների համար՝ զուգարանի և լվացքի, վերցրել է 4 կգ այդ տեխնոլոգիայով ստացած օճառ։ Ըստ Մազուրի խոսքերի, անատոմիական ինստիտուտ են այցելել կրթության նախարար Բեռնհարդ Ռուստը, առողջապահության նախարար Լեոնարդո Կոնտին, Դանցիգի գաուլեյթեր Ալբերտ Ֆորստերը։ Ցուցմունք են տվել նաև երկու անգլիացի ռազմագերիներ՝ Ջոն Հենրի Վիթոնն ու Ուիլյամ Անդերսոն Նիլին, ովքեր շինարարությամբ են զբաղվել Դանցիգի անատոմիական ինստիտուտում։ Նրանք փաստել են, որ իրոք, այստեղ օճառ են ստացել մարդկային դիակներից։ Նացիստների որսորդ Տուվիահ Ֆրիդմանն իր ինքնակենսագրական գրքում հավաստիացրել է, որ երբ գերմանացիներից նոր ազատագրված Դանցիգում հետաքննիչ էր աշխատում, տեսել է այն շենքը, որտեղ այդպիսի փորձեր են կատարվել։ 2006 թվականի հոկտեմբերին Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտը վերջացրեց պաշտոնական հետաքննությունը։ Ըստ հետաքննության արդյունքների, պարզ դարձավ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացի պրոֆեսոր Ռուդոլֆ Շպանները, Գդանսկից ոչ հեռու գտնվող Անատոմիական ինստիտուտում, օգտագործել է մարդկային ճարպը՝ օճառ ստանալու նպատակով։ Լաբորատոր հետազոտության արդյունքում, որն իրականացվել է Նյուրնբերգյան դատավարության ժամանակ ցուցադրած օճառի հետ, պարզ դարձավ, որ դրանում պարունակվում են մարդկային ճարպի մասնիկներ։ Տեխնոլոգիաները կարողացան այդ հանցագործությունն ապացուցել միայն 21-րդ դարում։

Նմանատիպ նյութեր