211652_close_icon
views-count3782 դիտում article-date 10:53 17-02-2017

«Ղժժալու» տրամադրությունը չի համապատասխանում մեր առջև դրված մարտահրավերներին. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչի է վերածվելու ընտրարշավը: Ինչպես ասում են իմ երիտասարդ գործընկերները՝ «Գնանք Շմայսին, Վարդանիկին, Ճոյտին խոսեցնենք, հետո վրեքները ղժժանք»: Իհարկե, այդ «պերսոնաժներն» իրենց մտքերով և բառապաշարով դրա համար բազմաթիվ առիթներ են տալիս, բայց այդ «ղժժալու» տրամադրությունը, մեղմ ասած, չի համապատասխանում մեր առջև դրված մարտահրավերներին: Դրանց մասին էլ է խոսվում, բայց՝ զուտ «մեղադրական թեքումով»՝ տեսեք, սիրելի ժողովուրդ, թե ինչ են քեզ հետ արել: Իրականում այդ երկու, պայմանականորեն ասած՝ «զվարճալի» եւ «նվնվան» բևեռների արանքում կա նաև սառը դատողություններ անելու դաշտ, որը հիմնականում ազատ է մնում: Կուսակցությունները և առանձին թեկնածուները (բացառությամբ ՀԱԿ-ի) պատրաստ չեն լրջորեն խոսելու Արցախի խնդրի մասին: Իշխանությունն ասում է, որ պետք է բանակցել, բայց «մենք երբեք չենք գնա միակողմանի զիջումների», ընդդիմադիրների մեծ մասն էլ ասում է՝ «մինչև այս իշխանությունը չհեռանա, Արցախի խնդրի մասին խոսելն անիմաստ է»: Երկուսն էլ, թույլ տվեք ասել, դատարկաբանություն է, օդի անիմաստ ցնցում: Ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերը իրենց այնպես են պահում, կարծես չեն հասկանում, որ վաղը, մյուս օրը, մեկ շաբաթից կամ մեկ ամսից լինելու է առնվազն «4-օրյա պատերազմի» նման բախում: Այս պայմաններում չափից դուրս զվարճանալը կամ նվնվալը կարծես թե այնքան էլ տեղին չէ: Երկրորդ մարտահրավերը տնտեսությունն է: Եթե սեփականատերերի, ինչպես առաջ էին ասում՝ «մանր բուրժուաների» թիվը մոտ ժամանակներս չբազմապատկվի, մենք կկորցնենք դիմադրողականությունը, այդ թվում նաև՝ անվտանգության ոլորտում: Մանր սեփականատերերն են, իմ կարծիքով, ժամանակակից պետության հիմքը, մարդիկ, որոնք, ի տարբերություն վարձու աշխատողների, կորցնելու բան ունեն: Թողնել այդ մարդկանց հանգիստ, չխեղդել հարկելով՝ ահա թե ինչի մասին պետք է խոսեն քաղաքական գործիչները և ոչ թե տուրք տան՝ «մի հատ զավոդ կառուցեինք, աշխատեինք» ֆանտաստիկ ցանկություններին: Եվ վերջապես, ես լրջորեն կմտածեի քաղաքական համակարգի մասին: Առաջին հայացքից թվում է՝ «էս նեղ մաջալին ի՞նչ քաղաքականություն»: Բայց դա հենց այսօրվա վիճակն է, երբ քաղաքականությունը վերածվել է փող բաժանելուն, տգետների` «ղժժալու» արժանի ճամարտակությանը և «լեզվանի» հռետորների կեղծավոր պոպուլիզմի: Եթե չլինի իրական քաղաքական պայքար, այսինքն՝ հասարակության տարբեր շերտերի շահերի համար օրինական հարթակ, ապա վաղը կհայտնվեն «Սասնա ծռերից» ավելի ծայրահեղական խմբավորումներ, որոնք կփորձեն իրենց նպատակներին հասնել անօրինական ճանապարհով»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր