211652_close_icon
views-count3655 դիտում article-date 16:32 15-02-2017

Հայաստանի նկարիչների միությունում կբացվի Ստաս Նամինի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը

Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. փետրվարի 17-ին, ժամը 16:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում կբացվի ՌԴ մշակույթի գործիչ, նկարիչ, երգահան, պրոդյուսեր, ռեժիսոր Ստաս Նամինի նկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. փետրվարի 27-ը: Կցուցադրվեն Ստաս Նամինի գեղանկարչական և գրաֆիկական 79 աշխատանքները: Ցուցահանդեսի բացմանը կմասնակցի հեղինակը` Ստաս Նամինը: Հիշեցնենք, որ հայ-ռուսական մշակութայն համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2016 թվականի դեկտեմբերի 14-20-ը, Երևանում անցկացվել է Ստաս Նամինի հոբելյանին նվիրված «Ստաս Նամին-65» ծրագիրը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում, Հայաստանում առաջին անգամ ներկայացվել են Ստաս Նամինի ստեղծագործությունները. տեղի է ունեցել Նամի Միկոյանի «Գրիգոր-Շինարար» գրքի շնորհանդեսը, կայացել են արվեստագետի «Հայաստանի հնագույն տաճարները», «Զրույց Նեիզվեստնու հետ», «Օհան Դուրյան. Խորը զգացմունքների մասնագիտություն», «Ռոքնռոլի ազատությունը» վավերագրական ֆիլմերի ցուցադրությունները: Ստաս Նամինի թատրոնը հանդես է եկել «Տիեզերք», «Փոքրիկ Իշխանը», «Իմ սիրտը լեռներում է», «Բիթլոմանիա» ներկայացումներով: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում անցկացվել է վարպետության դաս: Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղ. ղեկավար` Սերգեյ Սմբատյան) կատարել է Ստաս Նամինի «Centuria S-Quark» սիմֆոնիան:

Նմանատիպ նյութեր