211652_close_icon
views-count6769 դիտում article-date 19:21 11-02-2017

Առաջին անգամ Սուրբ Պատարագ մատուցվեց Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սույն թվականի փետրվարի 4-ին Կուալա Լումպուրի Սուրբ Միքայել Հրեշատակապետ եկեղեցում (Ռուս Ուղղափառ) առաջին անգամ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ ձեռամբ Հոգեշնորհ Տեր Զավեն Վարդապետ Յազիչյանի, Հոգևոր հովիվ Սինգապուրի, Մայանմարի և Բանգլադեշի, Նորին Սրբության ներկայացուցիչը Ծայրագույն Արևելքում: Պատարագին ներկա էին համայնքի բոլոր անդամները, հյուրեր, հայ ազգի բարեկամներ, հայեր, ովքեր բնակվում են Մալազիայի Ջոհոր Բահրու շրջանում, ինչպես նաև Ինդոնեզիայում բնակվող հայեր։ Պատարագի ընթացքին Հոգեշնորհ Հայր Սուրբն իր պատգամը փոխանցեց ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով Մալազիայի Հայ hամայնքի նախագահ Տիար Էմիլ Պետրոսյանին և համայնքի բոլոր անդամներին իրենց կազմակերպչական հրաշալի աշխատանքի համար։ Ի մասնավորի, Հայր Սուրբը նշեց․ "․․․որ ամուր հավատք և անսպառ սեր առ Սուրբ Եկեղեցին և Մայր Հայրենիքը միավորում է մեզ այսօր այս սրբազան հարկի ներքո․․․ հակառակ այն իրակնությանը, որ Մալազիայում այսօր չունենալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, բարձր գնահատանքի է արժան այն ջանք ու եռանդ, սերն ու նվիրումը, որ դուք չէք խնայել այս գեղեցիկ տեսլականն իրականություն դարձնելու համար․․․ դուք, իրապե՛ս, շարունակում եք լինել ժառանգորդն այն ժառանգության, որը մեր նախնիներն ժամանակին ստեղծել են այս երկրի մեջ"։ Ինչպես նաև Հայր Սուրբը փոխանցեց Նորին Սրբության գնահատանքն ու օրհնությունը, և մաղթեց, որ Աստված բազմապատիկ հաջողություններ պարգևի հայրենանվեր նորանոր գործունեությանց: Հավարտ Սուրբ Պատարագի տեղի ունեցավ Սուրբ Մկրտության սրբազան խորհրդակատարություն։ Երեք մանուկներ վերածնվելով դարձան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու որդեգիրը: Սուրբ Մկրտության այս հրաշալի արարողությունը կարծես Մալազիայի Հայ Համայնքի "վերածննդի և հարության" բարձրաղողանջ կոչնակը եղավ և կրկին անգամ ապացուցվեց համայնքի նվիրում առ Հայ Առաքելական Մայր Եկեղեցի։ Անսահման էր ուրախությունն ու աննկարագրելի էր խանդավառությունը հավատացյալ հայորդիների և ներկաների։ Հավարտ Սուրբ Մկրտության սրբազան խորհրդակատարության, Մալազիայի Հայ համայնքի անդամներից՝ Տիար Աշոտ Թունյանից, տեղեկանալով իր ազգականի անակընկալ մահվան գույժը, համայնքին նախագահ Տիար Էմիլ Պետրոսյանին առաջարկին ընդառաջ, Հայր Սուրբն կատարեց հոգեհանգստյան աղոթք։ Իր խոսքի մեջ Հայր Զավենը նշեց․ "․․․խոր ցավով տեղեկացանք սիրեցյալ Տիար Սասուն Թունյանի անժամանակ մահվան մասին: Անդառնալի կորստյան այս դժվարին պահին Ձեր կողքին ենք մեր աղոթքով և սրտակցությամբ՝ հայցելով, որ Բազումողորմն Աստված արարչական իր սիրով երկնային երանական բարձունքներում խաղաղության և հանգստության մեջ ընդունի հանգուցյալ լույս հոգին և Աստվածային Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի Թունյան ընտանիքի բոլոր հարազատներին": Արարողություններից հետո եկեղեցու սրահում տեղի ունեցավ փոքիրկ ճաշկերույթ, որի ընթացքին համայնքի նախագահ Տիար Էմիլ Պետրոսյանն իր շնորհակալական խոսքն ուղղեց Հայր Սուրբին՝ նշելով, որ անկրկնելի, անմոռանալի և աղոթաբյուր օր արձանագրվեց Մալազիայի Հայ համայնքի կյանքից ներս, ապա հանուն Մալազիայի Հայ համայնքի Տիկնաց Միության, ի նշան երախտագիտության, փոքրիկ հուշանվեր հանձնեց Զավեն Վարդապետին։ Պատմական Ակնարկ Հարավ-Արևելյան Ասիայում հայերը բնակություն են հաստատել դեռևս 16-17-րդ դարերից։ Օտար հողում հաստատվելով և հայ համայնքներ ձևավորելով, ինչպես այսօրվա տեղաբնակ հայերի, այնպես էլ ժամանակի հայերի համար կյանքի առաջնային նպատակ է եղել պահպանել սեփական լեզուն, հավատքը և մշակույթը։ Հնում հայերը Մալազիա են եկել հիմնականում Հնդկաստանից և Հին Ջուղայից ու արմատավորվել են Մալակկա թերակղզում, որը Հարավ-Արևելյան Ասիայի թերակղզիներից է՝ Հնդկաչին թերակղզու հարավային մասը։ Այն ներկայումս բաժանված է Մյանմայի, Մալայզիայի և Թաիլանդի միջև։ Հայերը հաստատվել են Պենանգ նահանգի Ջորջթաուն քաղաքում և շատ կարճ ժամանակում վճռորոշ դեր են ունեցել նահանգի տնտեսական, մշակությանին և ճարտարապետական ձևավորման պատմությունը մեջ: Մինչև այսօր Ջորջթաուն քաղաքում, ամենահայտնի փողոցն անվանում է Արմենիան Սթրիթ կամ Լեբուհ Արմենիա (Armenian Street, Lebuh Armenian): Այս փողոցն իր շինություններով Պենանգի պատմության անջնջելի մասնիկն է, որի մասին տեղացիները հպարտությամբ են բարձրաձայնում՝ մատնանշելով ժամանակին հայկական հարուստ ժառանգության մասին, որն ի դեպ գտնվում է ՄԱԿԳՄԿ-ի (ՅՈՒՆԵՍԿՕ) համաշխարհային ժառանգության պահպանության ներքո: Հայտնի Սարգիս եղբայրների ջանքերով, ովքեր ժամանակին ամենահայտնի գործարարներն էին Հարավ-Արևելյան Ասիայում, հիմնել են Իսթերն Օրիենատալ (The Eastern & Oriental Hotel) և Քարգ (Crag Hotel) հյուրանոցները։ Վերջինս 1950-ականներին վերածվել է առաջին դպրոցի (Uplands School in Penang): Հիշատակելի է նաև այն փաստը, որ հայազգի Դոկտոր Ավետումը (Dr. Avetoom), ով Պենանգում առաջատար գործիչներից մեկն էր, հիմնել է Ջորջթաուն առաջին դիսպանսերը (George Town Dispensary): Տեղի Հայ Համայնքի ջանքերով կառուցվել է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Եպիսկոպոսի փողոցում (Bishop Street), որը դժբախտաբար քանդվել է 1906 թ․։ Ներկայումս Մալազիայում բնակվում են փոքրաթիվ հայեր, որոնք մասնավորապես կենտրոնացած են հիմնականում Կուալա Լումպուրում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր