Լապշինի արտահանձնումից հետո քաղաքական գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ բազմապատկվելու է. Տ. Բալայան
Լապշինի հետապնդումը և արտահանձնումը ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։
Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է»։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ՝ փետրվարի 7-ին, Բելառուսի Գերագույն դատարանը հաստատել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին Բելառուսի դատախազության որոշումը։ Լապշինին նախօրեին արտահանձնել են Ադրբեջանին:
Հիշեցնենք, որ բլոգրեը, ով Իսրայելի և ՌԴ-ի քաղաքացի է, Ադրբեջանի «սև ցուցակում» էր հայտնվել Արցախի Հանրապետություն այցելելու համար։ Նրան ձերբակալել են Մինսկում։